Հասարակական

«Հայաստան» հիմնադրամը հանդիսավորությամբ բացել է Արցախի Դրախտիկ գյուղի համայնքային կենտրոնը

2 րոպեի ընթերցում

«Հայաստան» հիմնադրամը հանդիսավորությամբ բացել է Արցախի Դրախտիկ գյուղի համայնքային կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստի շրջանակներում շարունակվում են ավարտված ենթակառուցվածքների բացումներն ու այցելություններն ընթացիկ ծրագրերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» հայկական հիմնադրամից` մայիսի 24-ին հիմնադրամի շուրջ քառասուն հոգուց բաղկացած պատվիրակությունը հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ հանդիսավորությամբ բացել են ԼՂՀ Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի նորակառույց համայնքային կենտրոնը: Բացման արարողությանը ներկա էին նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու ներկայացուցիչ Շահե վարդապետ Անանյանը եւ այլն:

«Մեր բարերարների շնորհիվ այս համայնքն իսկական դրախտի է վերածվում»,- ասել է Պարգեւ սրբազանը՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար:

«Շատ ուրախ եմ, որ այսօր այս տարածքում եւս մեկ ենթակառուցվածք ենք բացում: Հուսով եմ, որ համայնքային կենտրոնի շնորհիվ կյանքն այստեղ առավել կաշխուժանա: Փափագում եմ, որ այս բուժկետում հնարավորինս քիչ հիվանդներ սպասարկվեն, փոխարենը` շատ կանայք մայրանան: Անում ենք ամենը, որպեսզի Արցախում ընտանիքներն ավելանան եւ բնակչության թիվն աճի» ,-ողջույնի խոսքում ասել է Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը:

Դրախտիկի համայնքային կենտրոնը կառուցվել եւ կահավորվել է հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ֆինանսավորմամբ: Կենտրոնում կգործեն բուժկետը, ծննդասենյակը, հանդիսությունների դահլիճը, համակարգչային կենտրոնը, գրադարանն ու գյուղապետարանը:

Մայիսի 25-ին Հիմնադրամի պատվիրակությունը կայցելի Շուշիի շրջանի Քարին Տակ համայնք, որտեղ վերակառուցվում է խմելու ջրի համակարգը: Այս ծրագրով շարունակվում է միասնական ջանքերով ծրագրեր իրականացնելու Հիմնադրամի կողմից որդեգրած միտումը: Ջրամատակարարման համակարգը վերակառուցվում է Հիմնադրամի Հունաստանի, Կիպրոսի, Ուրուգվայի, Արգենտինայի, Բրազիլիայի տեղական մարմինների եւ ՀՕՄ-ի համատեղ ջանքերով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում