Հայաստանի բանկերի միության նախագահ է ընտրվել «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) խորհրդի մայիսի 24-ի նիստում կայացել է Հայաստանի բանկերի միության նախագահի հերթական ընտրությունը, որի արդյունքում միաձայն ՀԲՄ նախագահ է ընտրվել «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ`Սամվել Ճզմաչյանը նախկինում ևս`2003 -2006 թվականներին, ղեկավարել է Հայաստանի բանկերի միությունը:
«Ես շնորհակալ եմ Հայաստանի բանկերի միության խորհրդին` բանկերի համար շատ կարևոր և մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում ՀԲՄ նախագահությունը կրկին անգամ ինձ վստահելու համար: Բանկային համակարգն ավանդաբար համարվում է Հայաստանի տնտեսության ամենամրցակցային և ամենակայացած ճյուղերից մեկը, և մենք բոլորս մեր ուժերի ներածի չափով միշտ պետք է անենք հնարավորինս` այն էլ ավելի ամուր և կայուն դարձնելու համար», - նշել է Սամվել Ճզմաչյանը:
Սամվել Ճզմաչյանը վերջին 25-30 տարիներին բանկային համակարգում գործող բանկային ամենամեծ փորձը ունեցող ղեկավարիից է:Շուրջ 20 տարի Սամվել Ճզմաչյանը ղեկավարում է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն:
1980 թվականից ստանձնել է ԽՍՀՄ Պետբանկի ՀՀ գրասենյակի էլեկտրագործարանային բաժանմունքի կառավարչի պաշտոնը, այնուհետև ղեկավարել է Արտաքին առևտրային բանկի ՀՀ բաժանմունքը (Վնեշտորգբանկ), հետագայում` «Արտտնտբանկը», 1990 թվականից ղեկավարել է «Վնեշէկոնոմբանկը», այնուհետև հիմնադրել և ղեկավարել է «Հայներարտբանկը», իսկ 1994-1995 թվականներին`Մոսկվայի «Գլոմբանկը»:
Հայաստանի բանկերի միությունը հիմնադրվել է 1995 թ.-ի հուլիսի 27-ին բանկերի շահերի պաշտպանության նպատակով: Հայաստանի տարածքում գործող բոլոր 21 կոմերցիոն բանկերը ՀԲՄ անդամ են: Միության նախագահն ընտրվում է հայաստանյան բանկերից ղեկավարների շարքից: