Հասարակական

Արմեն Գեւորգյանը եւ Անրի Ռենոն քննարկել են հայ-ֆրանսիական երկրորդ համաժողովի անցկացմանն առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Արմեն Գեւորգյանը եւ Անրի Ռենոն քննարկել են հայ-ֆրանսիական երկրորդ համաժողովի անցկացմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Տարածքային կառավարման նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարվա աշնանը կայանալիք ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական երկրորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:

Համաժողովը նախատեսվում է անցկացնել Ֆրանսիայի Վալանս քաղաքում, որի նպատակը երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության խորացման ուղղությունների քննարկումն է:

Փոխվարչապետը նշել է, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված մակարդակով գործակցության զարգացմանը: «Երկու երկրների մի շարք համայնքների միջեւ բավականին գործնական փոխգործակցություն է հաստատվել. Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների ակտիվ շփումները, փորձի փոխանակումը, ինչպես նաեւ ֆրանսիական գործընկեր համայնքների կողմից տարբեր ծրագրերի իրականացումը Հայաստանի համայնքներում իրենց դրական ազդեցությունն են ունենում ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացման, այնպես էլ համայնքների զարգացման վրա»,-ասել է նա:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաժողովի աշխատանքների նախապատրաստման եւ կազմակերպման նպատակով շահագրգիռ մարմինների եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծելու մասին:

Դեսպանի խնդրանքով փոխվարչապետը տեղեկություններ է ներկայացրել նաեւ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման համակարգերում վերջին տարիներին կատարված աշխատանքների եւ նախատեսվող բարեփոխումների մասին՝ ընդգծելով, որ ոլորտի զարգացման խնդիրները մնում են ՀՀ կառավարության առաջնահերթ հարցերի շարքում: Փոխվարչապետն առաջիկա բարեփոխումների թվում նշել է Տարածքային զարգացման հիմնադրամի ստեղծման եւ համայնքների խոշորացման ծրագրերի իրականացումը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում