2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդելու տարբերակներ այս պահին չեն դիտարկվում: Մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը: ««Զվարթնոց» օդանավակայանի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ մենք որպես օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչ ընկերություն ներկայացրել ենք մեր զարգացման ծրագիրը, որի մեջ բազմաթիվ այլ հարցերի հետ մեկտեղ եղել է նաեւ օդանավակայանի հին շենքը քանդելու հարցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը իր ծրագիրը ներկայացրել է Երեւանի քաղաքապետարանին, որտեղից պատասխան է ստացվել, ըստ որի`շենք քանդելընպատակահարմար չէ: «Դրանից հետո մեզ մոտ շենքը քանդելու մասին որեւէ քննարկում չի եղել, եւ մոտ ժամանակահատվածում այդպիսի ծրագիր չունենք»,-ասաց Շխյանը: Այդուհանդերձ,եթե 5-10 տարի հետո օդանավակայանը մեծացնելու խնդիր լինի, կառավարող ընկերությունը ստիպված կլինի քանդել շենքը: Շխյանը նշեց, որ իրենք ընդամենը իրենց կարծիքն են ներկայացրել, թե ինչպես են տեսնում օդանավակայանի հետագա զարգացման հեռանկարները:
Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը հիմնադրվել է 1961թ.: Օդանավակայանի կլոր շենքը նախագծվել է 1974թ. եւ շահագործման է հանձնվել 1982թ.: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011թ.: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը վերջերս դիմել էր Երեւանի քաղաքապետարանին՝ ընկերության կլոր շենքը քանդելու համար՝ պատճառաբանելով, որ կոնստրուկցիաները վնասված են: Երեւանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը միաձայն մերժել է դիմումը: