3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական «Արկիա» ավիաընկերությունը հունիսի 5-ից կվերականգնի Թել Ավիվ-Երեւան-Թել Ավիվ ուղղություներով կանոնավոր չվերթները: Առաջին չարտերային չվերթը Թել Ավիվից Երեւան տեղի կունենա մայիսի 28-ին:Այս մասին մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարչելո Վենդեն: «Ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր չվերթ կլինի Հայաստանի համար, քանի որ Իսրայելից տարեկան 6 միլիոն մարդ մեկնում է արտերկիր հանգստանալու, իսկ Հայաստանը կարող է շատ լավ տարբերակ լինել հանգստանալու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա: Հայաստանն Իսրայելին մոտ երկիր է եւ ունի բոլոր պայմանները իսրայելցի զբոսաշրջիկներին գրավելու համար: Վենդեի խոսքով՝ այս չվերթը նաեւ նոր սկիզբ կարող է դնել հայ-իսրայելական հարաբերություններին:
Նա նշեց, որ մինչև չվերթը բացելն իրենք մանրակրկիտ ուսումնասիրել են հայաստանյան շուկան եւ պայմանները, ինչից հետո պարզվել է, որ Հայաստանում կան բոլոր նպաստավոր պայմանները՝ չվերթն իրականացնելու համար:
«Արկիա» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Ալեքսանդր Նուրոկը վստահություն հայտնեց, որ այս չվերթը մեծապես կնպաստի Հայաստանի զբոսաշրջության զարգացմանը եւ կամրապնդի հայ-իսրայելական հարաբերությունները: «Ներկայումս պլանավորված է, որ չվերթներն իրականացվեն շաբաթական մեկ անգամ: Ավիատոմսը երկկողմ չվերթի համար կլինի 310 եվրոյից սկսած»,-ասաց նա: Նուրոկը նշեց, որ մինչև չվերթը բացելու մասին որոշում կայացնելը, իրենք մանրակրկիտ ուսումնասիրություն են կատարել, ինչի արդյունքում պարզվել է, որ Հայաստանում կան բոլոր նպաստավոր պայմանները այս չվերթը իրասկանացնելու համար: Իսրայելն արդեն հայերի համար պարզեցրել է նաեւ վիզաների տրամադրման գործընթացը: Եթե նախկինում Իսրայել մեկնել ցանկացող հայերը վիզայի համար ստիպված էին լինում հասնել Վրաստան, ապա հիմա նրանք կարող են իսրայելական վիզա ստանալ անմիջապես Հայաստանում գործող տուրիստական գործակալություններից:
Իսրայելական «Արկիա» ավիաընկերությունը հիմնադրվել է 1950թ՝ Էիլաթի եւ Իսրայելի հյուսիսային մասի միջեւ օդային կապ հաստատելու համար: Այժմ ընկերությունը տարեկան փոխադրում է ավելի քան 1 միլիոն 600 հազար ուղեւոր՝ իրականացնելով թե ներքին, եւ թե արտաքին միջազգային չվերթներ: «Արկիա» ընկերության ներկայացուցիչը Հայաստանում ԳԱՍԱ ՍՊԸ-ն է, որը տեղակայված է Ամիրյան 27 հասցեում: