2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում ձևավորվել է միասնական ընդդիմություն: Այս մասին Ազգային ժողովի մայիսի 24-ի ճեպազրույցների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:«Ձևավորված միասնական ընդդիմության վկայությունն է Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի քվեարկությունը, որի ժամանակ ընդդիմադիր բոլոր խմբակցությունները կողմ քվեարկեցին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Զուրաբյանը:
Նա նաև միասնական ընդդիմության աշխատանք համարեց «Ժառանգության» կողմից ներկայացված նախագծի քվեարկությունը, որը ընտրացուցակները հրապարակելու մասին էր, ինչպես նաև կառավարության ծրագրի քվեարկությունը: Զուրաբյանի կարծիքով` բոլոր ընդդիմադիր խմբակցությունները երբեք այսքան միավորված չեն եղել:«Ես ուզում եմ ասել, որ խորհրդարանում կա մի կարևորագույն փոփոխութուն և ես դա կհամարեմ մեր ռազմավարության կարևորագույն ձեռքբերումներից մեկը, այն է` խորհրդարանը դարձել է խորհրդարան»,-ասաց Լևոն Զուրաբյանը:
ԱԺ մայիսի 20-23-ի քառօրյա նիստերի ժամանակ ԱԺ մեծամասնությունը դեմ քվեարկեց մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին, ինչպես նաև «ժառանգության» կողմից ներկայացված «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին: ՀՀ ԱԺ-ն մայիսի 23-ին հաստատեց ՀՀ կառավարության նոր ծրագիրը: