«Ոսկե ծիրան» փառատոնն այս տարի կլուսաբանեն միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական երեւանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 7-14-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 24-ին հրավիրված ասուլիսում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ «Ոսկե ծիրան»-ն այն փառատոներից է, որ ոգեւորություն է առաջացնում ոչ միայն Հայաստանում, այլեւ` նրա սահմաններից դուրս:
«Մեր անկախ պետականության մեջ «Ոսկե ծիրան»-ը լավագույն եւ կայացած միջոցառումներից է, նաեւ` քաղաքական իմաստով: Այն վերահաստատեց, որ կան երեւույթներ, որոնց համար սահմաններ գոյություն չունեն»,- ընդգծեց նախարարը: Նրա գնահատմամբ` փառատոնը հնարավորություն է տալիս մասնագիտական եւ մարդկային փոխհարաբերությունների արտահայտման համար:
«Երբ ես զրուցում եմ այլ երկրների մշակութի նախարարների հետ, առաջին բանը, որ իրենք ասում են, այն է, որ մեր երկրում կա «Ոսկե ծիրան», սա խոսում է այն մասին, որ փառատոնը ունի բարձր հեղինակություն եւ տասը տարվա լուրջ կենսագրություն»,- ասաց Պողոսյանը:Նախարարը, անդրադառնալով փառատոնի լուսաբանման ընթացքին, նշեց, որ փառատոնը այս դեպքում եւս եզակիների թվում է. այն գրավում է բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչների ուշադրությունը, անգամ դահլիճ մուտք գործելու «պատերազմներ» են լինում:
Կինոփառատոնն այս տարի լուսաբանելու են ոչ միայն հայաստանյան ԶԼՄ-ները, այլեւ միջազգային ճանաչում ունեցող հեռուստաալիքներ, որոնց թվում են` Euronews-ը, «Կուլտուրան», The national-ը, Site and sound-ը:
Հոբելյանական տարում փառատոնում կհուրընկալվեն կինոյում մեծ վաստակի համար «Փարաջանովյան թալլերի» արժանացած նշանավոր կինոգործիչներ Քշիշտոֆ Զանուսին, Գոդֆրի Ռեջիոն, Յոս Ստելինգը: Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնյե, կինոդերասան Շառլ Ազնավուրի աստղը:
Փառատոնը այս տարի ստացել է շուրջ 1200 հայտ` աշխարհի 94 երկրներից, 2012 թվականի 67 երկրի փոխարեն, ինչը վկայում է, որ «Ոսկե ծիարն»-ի հանդեպ միջազգային ուշադրությունը գնալով մեծանում է:Կինոփառատոնն այս տարի եւս կներկանայա լիամետրաժ, վավերագրական, «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային, ինչպես նաեւ «Հայկական համայնապատկեր» ազգային մրցութային ծրագրերով:
«Մեզ բոլորիս հաջողվեց «Ոսկե ծիրան»-ը դարձնել միջազգային անձնագիր: Մենք որպես կորպորոտիվ սոցիալական պատասախանատու ընկերություն` այն գաղափարն ենք ներդնում, որ կարեւոր է հայկական ինքնությունը ճանաչելի դարձնել Երկիր մոլորակում»,- ասաց փառատոնի հովանավոր, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռաֆլ Յիրիկյանը`
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն էլ շնորհակալություն հայտնեց բոլոր այն գերատեսչություններին, որոնք ապահովում են կինոփառատոնի խաղաղ եւ անվտանգ ընթացքը, մշտապես օգնելու պատրաստակամություն են հայտնում:
«Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրում խաղարկային ֆիլմերի միջազգային ժյուրին կգլխավորի հունգարացի ականավոր կինոռեժիսոր, համաշխարհային կինոյի դասական Իշտվան Սաբոն, «Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին`2012 թվակականի «Ոսկե ծիրան»-ի դափնեկիր Սերգեյ Լոզնիցան:
Կինոփառատոնի շրջանակում կանցկացվի նաեւ հոբելյանական ծրագիր` նվիրված Արամ Խաչատրյանի 110, Ներսես Հովհաննիսյանի 75 եւ Արտավազդ Փեշեշյանի 75- ամյակներին:
Մինչ փառատոնի մեկնարկը, միջազգային ճանաչում ունեցող մասնագետների եւ Արեւելյան գործընկերության երկրներից ժամանած երիտասարդ կինոգետների, կինոքննադատների մասնակցությամբ նախատեսվում է իրականացնել նաեւ դասընթաց` «Կինոլրագրություն առանց սահմանների» խորագրով: Փառատոնի օրերին համատեղ ուժերով կհրատարակվի «Ոսկե ծիրան» ամենօրյա պարբերականը: