Թուրքական պարբերականը թերի է համարել Սամաթիայում հայ կանանց վրա հարձակումների հետաքննությունը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասում հայ տարեց կանանց վրա հարձակումների գործով ձերբակալված Մուրաթ Նազարյանից բացի այլ ոճրագործներ էլ կարող են ի հայտ գալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal պարբերականը:
«Հաշվի առնելով ականատեսների վկայությունները, չեմ հավատում, որ այս հանցագործություններն արվել են մեկ մարդու կողմից: Կարծում եմ, որ հետաքննությունը թերի է եղել: Հայ հանցագործ գտնելուն պեսդատական գործը փակվել է»,- ասել է հարձակումների գործով դեռևս միակ կասկածյալ Մուրաթ Նազարյանի փաստաբան Էրեն Քեսքինը: Հայտնի է դարձել, որ Նազարյանի դեմ դատական գործ է հարուցվել միայն 84- ամյա Մարիցա Քյուչյուքի սպանության մեղադրանքով, իսկ Սուլթան Այքարի տան վրա հարձակում գործելու առնչությամբ ներկայացված բողոքը հետ է վերցրվել և չհետապնդելու որոշում է կայացվել:
Radikal պարբերականը գրում է, որ իր ունեցած տվյալների համաձայն` հարցաքննության ժամանակ Նազարյանին Մարիցա Քյուչյուքի սպանությունից բացի այլ հարցեր չեն տրվել: Իր հերթին Նազարյանը նշել է, որ երբևիցե չի ճանաչել Քյուչյուքին: «Քյուչյուք անունով կնոջը սպանելու վերաբերյկալ ոչինչ չեմ հիշում: Եթե հիշեի, որ նման բան եմ արել, կփախչեի և կհեռանայի: Սպանության կատարման փողոց ինձ ոստիկաններն են տարել: Տեսնելով այն` միայն հիշեցի, որ այստեղից վազելով հեռացել եմ և ծխախոտ եմ ծխել: Չեմ հիշում այդ օրը դեղամիջոց օգտագործել եմ, թե ոչ»,- հայտնել է մեղադրյալը: Նազարյանը պատմել է, որ հոգեկան խնդիրներ ունենալու պատճառով մոտ մեկ տարի առաջ այցելել է հոգեբանի, ով նրան հատուկ դեղահաբեր է նշանակել:
Թուրքական պարբերականը, հաշվի առնելով բոլոր այս փաստերը և հատկապես այն, որ մեղադրական ակտում Նազարյանը համարվում է միայն Քյուչյուքի սպանության պատասխանատուն, ընդգծում է, որ Սամաթիայում տեղի ունեցած ոճրագործության առնչությամբ հնարավոր է լինեն մեկից ավելի հանցագործներ:
Ստամբուլի Սամաթիա թաղամասում առաջին հարձակումը 87-ամյա հայուհի Թուրհանդա Աշըքի վրա տեղի է ունեցել անցյալ դեկտեմբերի սկզբին: Հանցագործը դաժանորեն ծեծել է նրան, ինչի հետեւանքով կինը կորցրել է ձախ աչքը: Երկրորդ հարձակումը կատարվել է դեկտեմբերի 28-ին, որի ժամանակ հանցագործը սպանել է 84-ամյա Մարիցա Քյուչյուքին եւ վրան դանակով խաչ նկարել: Հաջորդ հարձակումները տեղի են ունեցել հունվարի 6-ին, 22-ին եւ փետրվարի սկզբին: Այդ հարձակումների ժամանակ հանցագործը ծեծել է տարեց կանանց, ինչի հետեւանքով նրանցից մեկը` 83-ամյա Սուլթան Այքարը, կորցրել է մի աչքը, իսկ մյուսի աչքը վիրահատել են:
Ստամբուլի ոստիկանությունը մարտի 4-ին ձերբակալել է Մուրաթ Նազարյանին, ով, ըստ թուրքական ոստիկանության, տարեց հայ կանանց վրա հարձակումներ էր գործել «կողոպուտի» նպատակով: Ստամբուլի ոստիկանության հայտարարության մեջ նշված է, որ Ֆաթիհ թաղամասում ձերբակալված 40-ամյա կասկածյալը նախկինում ևս դատապարտված է եղել նման հանցագործություններ կատարելու համար:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հանցագործը տարեց կանանց թալանելու փորձ չի արել: Բազմաթիվ լրատվամիջոցներ եւ հասարակական գործիչներ կարծիք էին հայտնել, որ հանցագործությունները կատարվել են էթնիկ հողի վրա` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ թուրքական կողմի` հայերին վախեցնելու գործողությունների շրջանակում: