4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար արեւային էներգիայի օգտագործումը հեռանկարային կլինի եւ մեծապես կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը: Մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Հելիոֆիկացիա»-ի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը: «Հայաստանը էներգիայի սեփական աղբյուր չունի եւ անհրաժեշտ է էներգիայի սեփական աղբյուր ստանալու այլընտրանքային տարբերակներ գտնել, որոնցից ամենաարդյունավետը կարող է լինել արեւային էներգիայի ներդրումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա՝ հավելելով, որ դրա անհրաժեշտությունը կա հատկապես հիմա, երբ գազի սակագնի բարձրացում է սպասվում:
Տեխնիկական գիտությունների դոկտորը նշում է, որ Հայաստանի արդյունաբերության մեջ չկան խնդիրներ, որոնք անլուծելի են մեր գիտնականների համար: «Ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայաստանի հելիոֆիկացիայի` մեր խորհրդի կողմից մշակված Հայաստանի եւ Ղարաբաղի հելիոֆիկացիայի ծրագիրը վաղուց պատրաստ է ներդրման համար, եւ մենք ցանկանում ենք, որպեսզի մեր կառավարությունը այն կյանքի կոչելու համար քայլեր ձեռնարկի, քանի որ դա մեզ թույլ կտա բազմաթիվ հրատապ խնդիրներ լուծել»,- ասաց նա: Համազասպյանը միակ խնդիրը համարում է այն, թե ինչպես մտնել հելիոֆիկացման շուկա եւ ինչպես կազմակերպել արեւային էներգիայի արդյունաբերությունը, ինչի համար իրենք ունեն կառավարության աջակցության կարիքը: Ըստ նրա՝ արեւային տեխնիկայով հնարավոր է Հայաստանի ամբողջ տարածքն ապահովել էներգիայով, եթե այն ճիշտ եւ հաշվարկված օգտագործվի:
Բացի դրանից, արեւային տեխնիկայի օգտագործումը շատ էժան կարժենա եւ հարմար կլինի քաղաքացիների համար: «1 կվտ հզորություն տվող արեւային սարքը կարժենա 100 դոլար: Եթե հաշվենք 50 տարվա կտրվածքով, 1 կվտ-ը կարժենա 32 դրամ»,- ասաց նա՝ հավելելով, որ ըստ իրենց ծրագրի՝ եթե լինեն մասնավոր ընկերություններ, որոնք կցանկանան ներդնել արեւային էներգիայի համակարգը, նրանցից հարկեր չեն գանձվի:
Հելիոֆիկացիայի ծրագրի ղեկավարը նշեց, որ իրենց ծրագրով նախատեսվում է նախ գյուղատնտեսության մեջ ներդնել արեւային բարձր տեխնոլոգիաները եւ անցնել էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրությանը, օգտագործել Իրանի հումքային բազան: Ըստ նրա՝ արեւային ֆումիգացիայի եւ այլ պրոցեդուրաների միջոցով հնարավոր կլինի բարձրացնել գյուղատնտեսական կուլտուրաների մշակման արդյունավետությունը: «Այդպիսով մենք կկարողանանք բարձրացնել նաեւ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը եւ բնակչության էներգետիկ կենսունակության մակարդակը»,- ասաց նա:
Տեխնիկական գիտությունների թեկնածու Գրիգոր Մնացականյանը համակարծիք է, որ Հայաստանի համար էներգիայի սեփական աղբյուր ստեղծելու լավագույն տարբերակը հենց արեւային տեխնիկայի ներդրումն է, ինչը կնվազեցնի երկրի էներգետիկ կախվածությունը:«Մենք արդեն պատրաստել ենք հելիոֆիկացիայի ծրագիրը, եւ այն ամբողջովին պատրաստ է ներդրման համար: Սպասում ենք, որ կառավարությունն աջակցի մեզ կյանքի կոչել մեծ կարեւորություն ունեցող այս ծրագիրը»,- ավելացրեց նա:
Հելիոֆիկացիայի ծրագրով նախատեսվում է գործարկել 3000 աշխատատեղով հելիոտեխնիկական սարքերի բազային գործարան Սպիտակ քաղաքում, ինչպես նաեւ 100 աշխատատեղով «արեւային» քաղցրավենիքի բազային գործարանը Արցախի Սոս գյուղում: Նախատեսվում է նաեւ Հայաստանի մարզերում եւ Արցախում կազմակերպել ուսումնական հելիոպոլիգոններ, ինչպես նաեւ հելիոֆիկացնել մեկական գյուղ Հայաստանի մարզերում եւ Արցախում: