Հրանտ Դինքի գործով մեղադրվող ժանդարմերիայի ներկայացուցիչների պատիժը կարող է խստացվել
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրյալ, Տրապիզոնի ժանդարմերիայի գնդի նախկին հրամանատար, գնդապետ Ալի Օզի գործը կարող է կրկին վերանայվել: Թուրքիայի վերաքննիչ դատարանը պահանջել է չեղյալ համարել Օզի և ժանդարմերիայի 6այլներկայացուցիչների վերաբերյալ կայացրած նախկին որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal պարբերականը:
Դատախազությունը, նախկին որոշումը թերի համարելով` պահանջել է նաև որպեսզի մեղադրյալները դատապարվեն «փաստաթղթերի կեղծման» մեջ և գործը քննվի ծանր հանցագործությունները քննող դատարանի կողմից: Պահանջի բավարարման դեպքում Ալի Օզն ու ժանդարմերիայի մյուս ներկայացուցիչները կարող են դատապարտվել մինչև 8 տարվա ազատազրկման:
Ավելի վաղ Հրանտ Դինիքի սպանության մասին իմանալով հանդերձ այն չկանխարգելելու համար «պարտականությունները չկատարելու» մեղադրանքով Տրապիզոնի ժանդարմերիայի գնդի նախկին հրամանատար Ալի Օզն ու կապիտան Մեթին Յըլդըզը դատապարտվել էին 6-ական, իսկ ժանդարմերիայի ևս 4 ներկայացուիցչներ` 4-ական ամիս ազատազրկման:
Ստամբուլի «Ակոս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքը թուրքական ազգայնական շրջանակների կողմից դավադրաբար սպանվել է 2007 թ-ի հունվարի 19-ին: Սպանությունն իրագործած Օգյուն Սամասթը դատապարտվել է 22,5 տարվա ազատազրկման: Գործով անցնող 19 մեղադրյալներից 13-ը դատարանի դահլիճից ազատ են արձակվել` «զինված ահաբեկչական կազմակերպության անդամ» չհանդիսանալու հիմնավորմամբ: