Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախումբը հանդես է եկել նոր կատարմամբ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախումբը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մեծ հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգին ներկա են եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան հյուրեր։
Ներկաներին ողջունել և Եվրոպայի օրվա առթիվ շնորհավորել են Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է, որ Եվրոպայի օրվան նվիրված համերգով իրենք հանդիսատեսին են փոխանցում Եվրամիության անդամ երկրների ստեղծագործությունները, որոնք դեռևս Հայաստանում չեն հնչել։ Նա նաև նկատել է, որ մարդկանց, պետություններին համախմբում է արվեստը։ Սերգեյ Սմբատյանը հատկանշական է համարել, որ Եվրոպայի օրվան նվիրված համերգին մասնակցում է ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախումբը։ «Շատ ուրախ եմ, որ այս ամենը միավորում է արվեստը և ոչ թե քաղաքականությունը, ինչի մասին միշտ խոսում են։ Մանկական նվագախմբի երեխաները նոր են սկսում իրենց մասնագիտական ուղին, և նրանք ունեն բարձր պրոֆեսիոնալիզմ ու կատարողական վարպետություն, ինչը մեր կրթական համակարգի արդյունքն է»,- նշել է Սերգեյ Սմբատյանը՝ ավելացնելով, որ համերգի առաջին ստեղծագործությունը պրեմիերա է. այն խորվաթ կոմպոզիտորի կողմից գրվել է հատուկ այս համերգի համար։
ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախումբը երեկոյի ընթացքում հանդիսատեսին ներկայացրել է Եվրոպական միության անդամ պետությունների ավանդական երաժշտության գեղեցիկ կատարումները։ Հնչել են նաև հայ կոմպոզիտորների (Էդվարդ Միրզոյան, Արամ Խաչատրյան) ստեղծագործություններ։
ՅՈՒՆԻՍԵՖ մանկական կամերային նվագախումբը հիմնվել է Սերգեյ Սմբատյանի կողմից 2009 թվականին։ Նվագախումբը բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Հայաստանում և Եվրոպայում: