Օբաման ամերիկացիներին նախազգուշացրել Է ահաբեկչության դեմ «հավերժ» պատերազմից
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մայիսի 23-ին ելույթ Է ունեցել ծրագրային ճառով, որտեղ ամերիկացիներին նախազգուշացրել Է ահաբեկչության դեմ «հավերժ» պատերազմից եւ նրանց կոչ Է արել վերաիմաստավորել այդ պայքարի նպատակներն ու խնդիրները: Օբամայի խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարում Ամերիկան պետք Է ավելի քիչ ապավինի բռնի մեթոդներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք չենք կարող ուժ գործադրել ամենուրեք, որտեղ արմատական գաղափարախոսություն Է հաստատվում, եւ այն ռազմավարության բացակայության պարագայում, որը պայքարում Է ահաբեկչության պատճառների դեմ, հավերժ պատերազմը՝ անօդաչու թռչող ապարատների կամ հատուկ նշանակության ուժերի կամ Էլ զորքերի օգտագործմամբ, դատապարտված Է ձախողման եւ բացասական փոփոխությունների կհանգեցնի մեր երկրում»,- նախազգուշացրել Է Օբաման:
Նա օրինական Է համարել արտասահմանյան թիրախներին ԱՄՆ-ի հարվածներն անօդաչու թռչող ապարատների միջոցով, քանի որ ԱՄՆ-ը պատերազմական դրության մեջ Է «Ալ Քաիդայի» եւ «Թալիբանի» հետ:
«Մենք կշարունակենք հարվածներ հասցնել «Ալ Քաիդայի» կարեւոր թիրախներին, ինչպես նաեւ այն ուժերին, որոնք պատրաստվում են օժանդակել Աֆղանստանում կոալիցիոն ուժերի վրա ձեռնարկվող գրոհներին: Բայց 2014 թվականի վերջին մենք այլեւս նման պաշտպանության կարիք չենք ունենա, եւ այն գործընթացը, որին մենք հասանք «Ալ Քաիդայի» միջուկի դեմ մղվող պայքարում, կնվազեցնի անօդաչու թռչող ապարատների հարվածների անհրաժեշտությունը»,- ասել Է Օբաման: