Բաշար Ասադը հավաստել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի դիրքորոշումն անփոփոխ Է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ ահաբեկչության դեմ մղվող պայքարում եւ սիրիական ճգնաժամի քաղաքական լուծում գտնելու հարցում կառավարության դիրքորոշումն անփոփոխ է, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով սիրիական ՍԱՆԱ գործակալությանը:
«Ահաբեկիչների եւ բոլոր նրանց դեմ մղվող պայքարում, ովքեր նրանց պաշտպանում են տարածաշրջանային ու գլոբալ մակարդակով, ինչպես նաեւ ճգնաժամի քաղաքական լուծում գտնելու պայմաններում Սիրիայի դիրքորոշումն անփոփոխ է»,- ասել է Ասադը Թունիսի կուսակցությունների ու շարժումների ներկայացուցիչների հետ մայիսի 23-ին կայացած հանդիպմանը:
Իր ելույթում նա հորդորել է արաբներին «պաշտպանել իրենց ինքնատիպությունն ու արաբիզմի արժեքները», որպեսզի դիմակայեն այն բացասական փոփոխություններին, որոնք այժմ տեղի են ունենում արաբական աշխարհում: Նշելով, որ սիրիացիները գնահատում են Թունիսի ժողովրդի աջակցությունը, Ասադն ընդգծել է, թե այն թունիսցիները, որոնք կռվելու են եկել Սիրիա, «միայն իրենք իրենց են ներկայացնում»: