Սերժ Սարգսյանը Եվրոպական քաղավիացիայի կոնֆերանսի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում առկա անվտանգության խնդիրները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահ Կատալին Ռադուին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո ծառայությունից, նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի դերը համաշխարհային և եվրոպական ավիացիայի զարգացման ու անվտանգության ապահովման գործում:

Սերժ Սարգսյանի խոսքով, հատկապես արտաքին աշխարհի հետ ցամաքային ճանապարհով սահմանափակ հաղորդակցման հնարավորություններ ունեցող մեր երկրի համար ավիացիան կրկնակի կարևորություն ունի: Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահ Կատալին Ռադուն գոհունակությամբ է խոսել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի հետ իր գլխավորած կազմակերպության համագործակցության մասին, ընդգծելով, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիան առաջատարների շարքում է միջազգային չափանիշների կիրարկման բնագավառում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում քաղաքացիական ավիացիայի անվտանգության և ապահովության մակարդակի բարձրացման խնդիրների շուրջ:

Հայերեն English Русский