Սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներին բռնության ենթարկելու գործով նյութեր են նախապատրաստվում
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներին բռնությունների ենթարկելու գործով նյութեր են նախապատրաստվում:Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից:
«2013-ի մայիսի 22-ին որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, թե մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատների նկատմամբ 2013թ. մայիսի 18-ին Երևան-Սևան մայրուղում զինվորականների կողմից գործադրվել են բռնություններ: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ հրապարակումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով ՀՀ զինվորական դատախազի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր»,- ասված է դատախազության հայտարարության մեջ: Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: