Քննարկվել են անվտանգության ոլորտում հայ-պորտուգալական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Պորտուգալիայի հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպում է ունեցել Պորտուգալիայի արտաքին հարաբերությունների, համագործակցության և անվտանգության հարցերով պետական քարտուղար Ֆրանսիսկո Ալմեիդա Թեիթի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԱԽ մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են հայ-պորտուգալական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է, որ երկու երկրների միջև գործակցության մակարդակը խիստ անբավարար է, գրեթե չկան քաղաքական, տնտեսական, անվտանգության, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության ծրագրեր, էական բարելավման կարիք ունի համագործակցությունը միջազգային, տարածաշրջանային և երկկողմ ձևաչափերով:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել հայ-պորտուգալական երկխոսությունը տարբեր ուղղություններով, ինչի նպատակով այս տարվա աշնանը Երևան կայցելի պորտուգալական բարձրաստիճան պատվիրակությունը: Պորտուգալական կողմը, որպես ԵՄ առանցքային երկրներից մեկը, իր աջակցությունն է հայտնել սատարելու Հայաստանի հետ երկկողմ գործակցությանը ԵՄ շրջանակներում, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ուղղություններով կոնկրետ ծրագրեր իրականացնելու շուրջ:
Հաջորդ հանդիպումը ԱԱԽ քարտուղարն ունեցել է Պորտուգալիայի կառավարության անվտանգության և դիվանագիտական խորհրդական-դեսպան Գիլբերտո Ջերոնիմոյի հետ: Կողմերը քննարկել են արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում համագործակցության ակտիվացմանը վերաբերող, երկկողմ պարբերական քաղաքական խորհրդատվություններ իրականացնելու անհրաժեշտությունից բխող հարցերի լայն շրջանակ:
Արթուր Բաղդասարյանը Պորտուգալիայում Հայաստանի պատվո հյուպատոս Միքայել Գյուլբենկյանի հետ այցելել է Գալուստ Գյուլբենկյանի անվան հիմնադրամ և թանգարան: Հիմնադրամի ղեկավարության հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման խնդիրները, ձեռք են բերվել կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում գործակցությունը խորացնելու պայմանավորվածություններ: