Մի խումբ թուրքեր հանդես են եկել հայազգի լեզվաբան Սևան Նիշանյանին ազատազազրկելու որոշման դեմ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ լեզվաբան Սևան Նիշանյանին թուրքական դատարանի կողզմից դատապարտելու որոշման դեմ է հանդես եկել թուրքական «Մի խումբ աթեիստներ» անվամբ խումբը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, խմբավորումն այս կապակցությամբ հատուկ հայտարարություն է հրապարակել:
«Թուրքիայում անվերջանալի են աթեիստների դեմ կիրառվող անարդարությունները: Ֆազիլ Սայի դեմ հրապարակված վճռից հետո հայտնի դարձավ, որ սեփական բլոգում Մուհամեդ մարգարեին վիրավորելու մեղադրանքով Սևան Նիշանյանը դատապարտվել է 13.5 ամսվա ազատազրկման: Դեռ մի բան էլ ավելին` որոշումը չի կարող փոխարինվել նյութական տուգանքի»,- ասվում է տարածած հայտարարության մեջ: «Մի խումբ աթեիստներ» խմբի անդամները քննադատել են իշխանություններին իրենց գործողությունների համար` ընդգծելով, որ Թուրքիայում շարունակվում են սահմանափակումներ կիրառվել խոսքի ազատության նկատմամբ:
Դատարանի կայացրած որոշման կապակցությամբ ավելի վաղ իր կարծիքն էր հայտնել նաև հենց Նիշանյանը: «Երբեք մուսուլմաններին նվաստացնող խոսք չեմ ասել: Չեմ ասել` մորուքն այսպես է, գլխաշորն այսպես է, ասողներին էլ ամոթանք եմ տվել: Ես գտել եմ, որ անհեթեթ է հավատալ մեկին, ով դարեր շարունակ իրեն մարգարե է համարել: Մարդիկ հավատում են նման անհեթեթ բանին: Ես միայն ասել եմ, որ դա անհեթեթություն է»,- ասել է Սևան Նիշանյանը, ում կարծիքով` որոշումն իրականում իշխանությունների ձեռքի գործն է: