Հասարակական

Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Շվեյցարիայի դեսպանի հետ

2 րոպեի ընթերցում

Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Շվեյցարիայի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Կոստանտին Օբոլենսկիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը Վեհափառ Հայրապետը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող դեսպանին` անցնող տարիների ծառայության ու հայ-շվեյցարական կապերի ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար:

Նորին Սրբությունն իր խոսքում կարևորել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների հետագա սերտացումն ու զարգացումը, ապա անդրադարձել է Շվեյցարիայի հայկական համայնքի ազգային-հոգևոր կյանքին` ի դեմս դեսպանի իր գնահատանքը հայտնելով երկրի իշխանություններին` համայնքի հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակություն է հայտնել Շվեյցարիայի իշխանությունների կողմից տարածաշրջանում առկա խնդիրների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և դրանց հաղթահարման ուղղությամբ ներդրված քայլերի առիթով:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված տարածաշրջանի երկրների հոգևոր առաջնորդների ջանքերին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից ծրագրվող միջոցառումներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում