Քաղաքականություն

Իշխանությունը պարտավոր է լսել ընդդիմությանը, նույնիսկ, եթե այն պառակտված է, փոքրաթիվ և թույլ. ՀՀ վարչապետ

3 րոպեի ընթերցում

Իշխանությունը պարտավոր է լսել ընդդիմությանը, նույնիսկ, եթե այն պառակտված է, փոքրաթիվ և թույլ. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանություններըկողմնակից են համագործակցության և կամուրջներ կառուցելուն ընդդիմության հետ:Այս մասին Ազգային ժողովի մայիսի 23-ի նիստում իր եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը`շեշտելով, որ առանց համագործակցության չի կարող իրականացվել ոչ մի տեսլական, թեեւ համագործակցությունը չի կարող պարտադրվել: «Մեր երկրի նախագահը համոզված կողմնակիցն է համագործակցության, դա նրա գաղափարախոսության հենքն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց ՀՀ վարչապետը:

Տիգրան Սարգսյանը նաև հավելեց, որ ԱԺ դահլիճում գտնվում են մարդիկ, որոնց հետ սկսել են շարժումը դեռ 1988 թվականին և շատ բաներ են տեսել:«Պարտավոր ենք դասեր քաղել անցած ճանապարհից: Համար մեկ դասը, որ ինձ համար քաղել եմ այն է, որ իշխանությունը պարտավոր է լսել ընդդիմությանը, նույնիսկ, եթե այդ ընդդիմությունը պառակտված է, փոքրաթիվ և թույլ, որովհետև ընդդիմությունը հայտնում է գաղափարներ, որոնք կարող են օգտակար լինել»,-ասաց Սարգսյանը:

Նա շեշտեց, որ իրենց պարտավորությունն է համախմբվել գլխավորի շուրջ: «Երկրորդ դասը, որ ինձ համար քաղել եմ, այն է, որ առանց ուժեղ ընդդիմության չի կարող լինել ուժեղ պետություն, ընդդիմությունը պետք է նայի դեպի ապագան և առաջարկի ծրագրեր, եթե համաձայն չէ մեր ծրագրի հետ, բայց եթե ընդդիմությունը ներկայացնում է միայն հերյուրանք, ապա նայում է դեպի անցյալ»,-նշեց Տիգրան Սարգսյանը:

ՀՀ վարչապետը նշեց նաև, որ իշխանությունը պետք է խոստովանի իր սխալները, և իշխանափոխությունը չէ երկրի հիմնական խնդիրը: «Պետք է ունենալ ապագայի տեսլական, համոզմունք և կամք, ու եթե մենք համոզված ենք մեր տեսլականի մեջ, ապա պետք է նաև ներկայացնենք ձեր դատին, թե ինչ քայլերով պետք է գնանք առաջ»,-ընդգծեց նա:

Ազգային ժողովում ավարտվեց Կառավարության ծրագրի քննարկումը: Կառավարության ծրագիրը հաստատվեց 76 կողմ և 41 դեմ ձայներով:«Ուզում եմ կառավարության անունից շնորհակալություն հայտնել այս երեք օրվա շահագրգիռ քննարկումների համար: Պատահական չէր, որ շատ ելույթ ունեցողներ հայացք էին գցում մեր անցած ճանապարհին, որովհետև մենք կանգնած են լուրջ մարտահրավերների առջև»,-ասաց ՀՀ վարչապետը:

ՀՀ կառավարությունը մայիսի 20-ին Ազգային ժողովին է ներկայացրել գործադիրի նոր ծրագիրը, որով նախատեսվում է սոցիալական խնդիրների համապարփակ լուծում: Նոր ծրագրով նախատեսվում է կենսաթոշակների էական ավելացում, յուրաքանչյուր համայնքում առողջապահական ծառայությունների հասանելիության ապոհովում, դրանց` տեսականում ավելացում, ավանդների փոխհատուցման ծրագրերի շարունակականություն:

Ընդդիմության տարբեր ուժերի ԱԺ ներկայացուցիչներ իրենց ելույթներում ծրագիրը բնորոշել են ոչ իրատեսական` երկրի խնդիրների լուծման եւ տնտեսության զարգացման հետագա քայլերում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում