Վերլուծաբանն Իրանի նախագահի հաղթողի ամենալուրջ հավակնորդն է համարում նախկին արտգործնախարարին
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ընտրություններում հաղթելու ամենալուրջ հնարավորությունն ունի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին: Հաղթելու մեծ հնարարավորություններ ունեն նաեւ Թեհրանի քաղաքագլուխ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆն ու Իրանի խորհրդարանի նախկին նախագահ Ղոլյամ Ալի Հադադ Ադելը: Մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Գոհար Իսկանդարյանը: «Ես կարծում եմ, որ Վելայաթին ունի ամենալուրջ շանսերը նախագահ դառնալու Իրանի Իսլամական Հանրապետությունում: Նա վայելում է հոգեւոր առաջնորդի վստահությունն ու համակրանքը եւ բավական խարիզմատիկ անձնավորությունն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Իսկանդարյանը:
Արեւելագետը բարձր գնահատեց Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆի շանսերը Թեհրանում: «Թեհրանահայության մի մասը իր նախապատվությունը կտա Ղալիբաֆին, որովհետեւ ապրիլի 24-ին նրանց թույլատրվել էր Թուրքիայի դեսպանատան առջեւ իրենց բողոքի ձայնը բարձրացնել»,- ասաց Իսկանդարյանը: Նա նշեց, որ Իրանի Մեջլիսի նախկին նախագահը ոչ այնքան խարիզմատիկ է, որքան նախորդ երկու թեկնածուները: Արեւելագետի համոզմամբ՝ թեկնածուների նշված եռյակը միասնական է, եւ նրանցից ով էլ լինի նախագահ, մյուս երկուսը կլինեն նրա փոխնախագահները: Իսկանդարյանը նշեց, որ Իրանում բավական որոշիչ է հոգեւոր առաջնորդի ձայնը, ով ասել է` Իրանին պետք է հեղափոխական եւ բարեպաշտ նախագահ:
Իրանի նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 14-ին: Թեկնածուների պաշտոնական գրանցումը սկսվել էր մայիսի 7-ին եւ ավարտվել մայիսի 11-ին: Նախընտրական արշավը կավարտվի հունիսի 12-ին: Նախագահի թեկնածուներ են դարձել ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարՍայիդ Ջալիլին, Իրանի խորհրդարանի նախկին նախագահ Ղոլյամ Ալի Հադադ Ադելը, Իրանի արտաքին գործերի նախկին նախարար Ալի Աքբար Վելայաթին, Թեհրանի քաղաքագլուխ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը, Քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, Քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռուխանին, Իրանի նախկին փոխնախագահ Մոհամադ Ռըզա Արեֆը եւ կապի նախկին նախարար Սայիդ Մոհամադ Գարազին: