2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան եւ Երեւան քաղաքի պատմության թանգարանը մայիսի 28-ին համատեղ կանցկացնեն ռետրո ավտոմեքենաների ցուցահանդես: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահի խորհրդական, Էքստրեմալ սպորտաձեւերի ֆեդերացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը նշեց, որ կայանալիք ցուցահանդեսը կմեկնարկի Էրեբունի թանգարանի մոտից եւ ավտոշքերթով կշարժվի դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ տեղի կունենան ֆլեշ-մոբ ներկայացումներ:
«Միջոցառմանը կարող են մասնակցել հնաոճ, պատմական եւ ռետրո տիպի բոլոր ավտոմեքենա եւ մոտոցիկլ ունեցողները»,- ասաց Ստեփանյանը:
Հայաստանում ամենահին ռետրո ավտոմքենան` համաձայն իր տեխնիկական անձնագրի, ցուցահանդեսի շրջանակում կարժանանա հավաստագրի:Ցուցահանդեսը նվիրվում է Երեւան քաղաք առաջին անգամ ավտոմեքենա մուտք գործելու 100-ամյակին:
Ստեփանյանը նշեց, որ Հայաստանում բավական շատ են ռետրոմեքենաների սիրահարները, եւ նրանց թիվը գնալով ավելանում է:Հիմնական նախընտրողները մեծահասակներն են, ովքեր չեն կարողանում հրաժարվել իրենց սիրելի ավտոմեքենայից:
Միջոցառման հովանավոր Flash-tegeta motors ընկերությունը կներկայացնի ГАЗ-М-1 ավտոմեքենան, որը մասնագետների կողմից կվերանորոգվի հենց ցուցահանդեսի ընթացքում:
Հայաստանում ռետրո-մեքենաների ֆեդերացիայում գրանցված են 1000-ից ավելի տարբեր դասի մեքենաներ, իսկ հնաոճ մեքենաների թիվը հասնում է 60-ի:
Մայիսի 28-ին կայանալիք ցուցահանդեսը 11-րդ է: Միջոցառման մուտքն ազատ է: