3 րոպեի ընթերցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,22 Մայիսի,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-ին այցելեց Արցախի ոստիկանություն, որտեղ անցկացվեց համատեղ աշխատանքային խորհրդակցություն: Ողջունելով ներկաներին` ՀՀ ոստիկանության պետն անդրադարձավ ոստիկանության առաջ ծառացած մարտահրավերներին` նշելով, որ դրանց լուծման համար կարևոր է անձնակազմի հետ տարվող աշխատանքների նպատակայնությունը և կադրերի ընտրության ընթացքում անհատի ոչ միայն մասնագիտական, այլև բարոյական ու կամային հատկանիշների առաջնայնությունը: «Կան խնդիրներ, որոնք չլուծելու դեպքում չենք հասնելու ցանկալի արդյունքների: Իսկ այդ արդյունքներն ապահովելու համար առաջին հերթին անհրաժեշտ են բարձր գիտելիքներ»,-ասաց Վլադիմիր Գասպարյանը` նշելով, որ ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունն Արցախը կայացած պետություն ճանաչի նաև իր կայացած ոստիկանական համակարգով, որը ջանք ու եռանդ չի խնայում երկրում ապահովելու օրենքի իշխանությունը:Հանդիպման ընթացքում ԼՂՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Գասպարյանին առաջադրվեցին հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ԼՂՀ դիմորդների ընդունելությանը, ՀՀ ոստիկանության ուսումնական կենտրոնում ԼՂՀ ոստիկանության ծառայողների վերապատրաստմանը, ՀՀ ոստիկանությունում ներդրված համայնքային ոստիկանության ինստիտուտի արդյունավետությանը և այլն: ՀՀ ոստիկանության պետը, պատասխանելով ոստիկանների հարցերին, խոստացավ ընթացք տալ դրանց:ԼՂՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, ողջունելով ՀՀ ոստիկանության պատվիրակության այցը Արցախ, կարևորեց երկու հայկական պետությունների ոստիկանությունների միջև ոչ թե փոխհամագործակցության, թե համատեղ ծառայության անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին ոստիկանության պետերը փոխանակվեցին նվերներով:Աշխատանքային հանդիպումից հետո ՀՀ ոստիկանապետն իր արցախցի գործընկերոջ ուղեկցությամբ մեկնեց ԼՂՀ ոստիկանության կենտրոնական ապարատի բակ, որտեղ ծանոթացավ Ստեփանակերտի քաղվարչության նորաստեղծ «Հրեշտակների» ստորաբաժանման անձնակազմի հետ, որոնք տեսանելի ապագայում կանցնեն հատուկ պատրաստություն և կտիրապետեն մի քանի օտար լեզուների:Նշենք նաև, որ այցի շրջանակներում Հայաստանի ոստիկանապետն Արցախի ոստիկանությանն է նվիրել 4 մոտոցիկլ և մեկ ավտոմեքենա: