Գավառի մանկատնից խնամատարության հանձնված Աննա Հայրապետյանը կշարունակի ապրել ծովազարդցի Վազգեն Նաջարյանի ընտանիքում
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեեւ այս տարվա փետրվարի 14-ին լրացել է 2006 թվականից Ծովազարդ գյուղի բնակիչ Վազգեն Նաջարյանի խնամատարությամբ ապրող, Գավառի մանկատան նախկին սան Աննա Հայրապետյանի 18 տարին, սակայն նա շարունակում է ապրել նույն ընտանիքում` Վազգեն եւ Սարինգյուլ Նաջարյանների հոգածությամբ:
Նաջարյաններն այլեւս խնամատարության համար չեն ստանում պետության կողմից հատկացվող գումարները, սակայն որոշել են հարազատ երեխայի պես պահել Աննային, տնօրինել նրա հետագա ճակատագիրը: «Ես ունեմ հինգ երեխա` չորս աղջիկ եւ մեկ տղա, 11 թոռ: Աննան արդեն դարձել է իմ վեցերորդ երեխան: Նա այժմ սովորում է Գավառի գյուղատնտեսական քոլեջի երրորդ կուրսում: Նա տարիների ընթացքում դարձել է մեր տան լիիրավ անդամը, եւ, անկախ այն բանից, թե ինչ կնախատեսեն նրա համար պետական մարմինները, անկախ նրանից, կվճարեն թե չեն վճարի խնամատարության համար, մենք որոշել ենք մեր հարազատ երեխայի պես պահել նրան, ամուսնացնել մեր տնից»-ասաց Վազգեն Նաջարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կանանց, երեխաների եւ ընտանիքի իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Մամիկոն Գալոյանի տեղեկացմամբ` մարզում վերջին տարիներին մանկատներից իրենց խնամքին երեխաներ են վերցրել 7 ընտանիքներ: Նրանց խնամակալությանը հանձնված երեխաներից երկուսի 18 տարին լրացել է այս տարի: Ծովակ գյուղում խնամատարության հանձնված Արեւիկ Հովսեփյանը, ի տարբերություն Աննա Հայրապետյանի, արդեն տեղափոխվել է Էջմիածնի «Նոր տուն» հասարակական կազմակերպության խնամքի ներքո: