4 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության 117 հանրակրթական եւ 5 ավագ դպրոցներում վերջին ավարտական զանգը հնչելու է մայիսի 24-ին, որի կազմակերպման եւ անցկացման, ինչպես նաեւ փոխադրական ու ավարտական քննությունների նախապատրաստական աշխատանքների կատարման համար Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի ենթակայության 117 միջնակարգ եւ հիմնական դպրոցների տնօրենների հետ:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը հրապարակեց Գեղարքունքի մարզպետի այս տարվա մայիսի 20-ի կարգադրությունը, որով հստակեցվում են ավարտական վերջին զանգի եւ փոխադրական ու ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման հետ կապված միջոցառումները: Հանձնարարականներից մեկն էլ վերաբերում է վերջին զանգի միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանությանը:
Հարցի շուրջ դպրոցների տնօրենների հետ զրուցեց ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանը: Նա շեշտեց, որ, աչքի առաջ ունենալով նախորդ տարիների անցանկալի դեպքերը, այս տարի Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ ավարտական վերջին զանգը սահմանափակվել է միայն դպրոցական միջոցառումներով: Արգելվել են արտադպրոցական կամ բացօթյա այլ միջոցառումները, ուղեւորությունները: Որոշ դպրոցներ արդեն թույլտվություն են խնդրել եկեղեցիներում հրաժեշտի եւ մոմավառության արարողություններ կազմակերպելու համար, որը հարգվել է, սակայն կանցկացվի ոստիկանների պարտադիր ուղեկցությամբ:
«Մարզի շուրջ 300 ոստիկաններ մասնակցելու են ավարտական վերջին զանգի բոլոր միջոցառումներին, դպրոցում կամ դպրոցից դուրս նախատեսվող բոլոր ուղեւորություններին կամ հանդիպումներին: Ցանկացած միջոցառման սեղաններին պետք է բացառել ցանկացած կարգի ալկոհոլային խմիչք: Արգելվում է ծնողների կամ հարազատների կողմից ավտոմեքենաների տրամադրումը շրջանավարտ տղաներին, նման դեպքերում այդ մեքենաները կբերվեն տուգանային հրապարակ, իսկ մեքենաների տերերը կենթարկվեն վարչական խոշոր տուգանքների: Արվում է ամեն ինչ, որպեսզի ավարտական զանգի միջոցառումները կազմակերպվեն հասարակական կարգի խիստ եւ անվտանգ պայաններում»,-նշեց Վարդան Նադարյանը:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հանրակրթական դպրոցների տնօրենների ուշադրությունը հրավիրեց փոխադրական եւ ավարտական քննություններն անթերի, արդյունավետ ու օրենքի պահանջներին համապատասխան անցկացնելու, ինչպես նաեւ նախորդ ու այս ուսումնական տարիների ընթացքում մարզպետարանի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության տեսչական ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումների ու թերացումների վերացման վրա:
«Արձանագրված թերությունների վերացման համար մեր կողմից տրվել է բավարար ժամանակ, սակայն արդյունքները ոչ բոլոր դեպքերում են գոհացուցիչ, հակառակը, նորից կրկնվել են խախտման դեպքեր, որոնք տրված ժամկետերում չուղղելու դեպքում կհետեւեն կարգապահական տույժերը: Չեն բացառվելու նաեւ պաշտոնանկությունները»,-նախազգուշացրեց մարզպետը: