ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների վարչությունը ՀՀ-ի հետ առավել սերտ կգործակցի ահաբեկչության դեմ պայքարում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գլխավոր գրասենյակի Անդրազգային սպառնալիքների վարչության պատվիրակությունը մայիսի 21-ին ժամանել էՀայաստանի Հանրապետություն: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից:
Այցի նպատակն էր քննարկել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության «Բաց բանալիների շտեմարան»-ին (ՔԱՄԿ ԲԲՇ) Հայաստանի Հանրապետության մասնակից դառնալու հնարավորության հարցը:
Նույն օրը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է Անդրազգային սպառնալիքների վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի հակաահաբեկչական գործունեության պատասխանատու Պոլ Պիկարին:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է ԵԱՀԿ գլխավոր գրասենյակի նորաստեղծ Անդրազգային սպառնալիքների վարչության գործունեությունը՝ ուղղված ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, կիբերհանցավորության, թմրանյութերի ապօրինի վաճառքի հակազդմանը:
Մասնավորապես, ներկայացվել է ԵԱՀԿ առաջարկությունը` ճամփորդական փաստաթղթերի անվտանգության ամրապնդման նպատակով մասնակից պետություններին դիտարկել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության «Բաց բանալիների շտեմարան»-ին մասնակից դառնալու գաղափարը, ինչը կնպաստի սահմանային վերահսկողությանը և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի իրագործմանը:
Այցի շրջանակներում մայիսի 22-ից 23-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կկայանա սեմինար ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: