Քննարկվել են Հայաստանի և Արցախի ոստիկանությունների համատեղ աշխատանքի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ, ում գլխավորությամբմայիսի 21-ից աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր ՀՀ ոստիկանության պատվիրակությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից` հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր Լեռնային Ղարաբաղի ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, քննարկվել են Հայաստանի և Արցախի ոստիկանությունների համատեղ աշխատանքի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Վլադիմիր Գասպարյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա են եղել ԼՂՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, ոստիկանության ղեկավար կազմը, ծառայությունների և ստորաբաժանումների պատասխանատուները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են երկու իրավապահ կառույցների աշխատանքի առավել սերտացմանը, ծառայության որակի բարելավմանն ու հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված համատեղ գործողությունների խնդիրներ:
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը դատարկաձեռն չէր գնացել Արցախ: Նրանք արցախցի գործընկերներին նվիրել են ՊՊԾ գնդի հատուկ գումարտակի համազգեստներ և նույն տարբերանշաններով ավտոմեքենա. շուտով «հրեշտակները» կսկսեն պարեկել նաև Ստեփանակերտի փողոցներում:
Մայիսի 22-ին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը վերադարձել է Ստեփանակերտից: