4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումը «Հայաստան» hամահայկական hիմնադրամի տեղական մարմինների 20 երկրներում գործող ատենապետերի և վարչությունների անդամների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում նախարարը կարևորել է «Հայաստան» հիմնադրամի դերը և շնորհակալություն հայտնել հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ Սփյուռքի նախարարության ծրագրերին աջակցելու համար:
Նախարարը նշել է, որ կառավարության այս տարվա ծրագրում առավել մեծ ուշադրություն է դարձվելու տնտեսության զարգացմանը, գերակա ճյուղերում կիրականացվեն լուրջ ներդրումներ, որոնք էլ իրենց հերթին կբերեն նոր աշխատատեղերի ստեղծմանն ու առավել բարձր աշխատավարձերի ապահովմանը:
Հանդիպման մասնակիցներին ուղղված իր խոսքում նախարարը կարևորել է մի շարք արդիական խնդիրներ, հորդորել սփյուռքահայերին Հայաստանում աշխատատեղեր ստեղծել, ուշադրություն դարձնել հայոց լեզվին, որպեսզի երիտասարդները խոսեն հայերեն, հակառակ պարագայում նրանք կորցնում են հայ մնալու կարևորագույն բաղադրիչը: Լեզվի պահպանման հարցում նախարարը կարևորել է սփյուռքահայերի մասնակցությունը նախարարության կողմից կազմակերպված «Ամառային դպրոցի» աշխատանքներին, որի ընթացքում դասավանդվում են և´ արևելահայերեն, և՛ արևմտահայերեն:
Նախարարը առաջնահերթություն է համարել նաև Սփյուռքում ապրող երեխաների Հայաստան այցելելը: Նշվել է, որ «Արի տուն» ծրագրով 2009-ից մինչ օրս Հայաստան են այցելել շուրջ 3000 պատանիներ և աղջիկներ:
Սիրիահայերի հիմնախնդիրներին վերաբերող զեկուցումով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նա ներկայացրել է այդ ուղղությամբ նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Ֆիրդուս Զաքարյանը նշել է, որ 10-ից ավելի փոփոխություններ են կատարվել իրավական փաստաթղթերում, որոնք հեշտացնում են սիրիահայերի մուտքն ու կեցությունը Հայաստանում: Նշվել է, որ սիրիահայերին առնչվող կրթական, առողջապահական բոլոր խնդիրները լուծվել են անվճար հիմունքներով: Խոսվել է նաև Աշտարակում սիրիահայերի համար բնակելի թաղամաս հիմնելու մասին:
«Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Լենա Հալաջյանը սիրիահայերի անունից շնորհակալություն է հայտնել բարերարներին, «Հայաստան» hամահայկական hիմնադրամին և Սփյուռքի նախարարությանը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկաներին տեղեկացրել է, որ սիրիահայերին տրամադրել են 500 000 դոլարից ավել ցածր տոկոսով վարկեր, որպեսզի իրենց գործը սկսեն Հայաստանում: Տեղի է ունեցել նաեւ կարծիքների փոխանակում, հանդես են եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Կարեն Օհանյանը (Շվեդիա), Սարգիս Քոթանջյանը (ԱՄՆ) և ուրիշներ:
Ներկաները Սփյուռքի նախարարին առաջարկել են, որ նախարարությունն օգտվի «Հայաստան» հիմնադրամի տարբեր երկրների ռեսուրսներից, այդ երկրների հայկական դեսպանատներում Սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ ունենա: Հրանուշ Հակոբյանը հավելել է, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Լիբանանի հայկական դեսպանատներում արդեն կան Սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ, բայց անհրաժեշտ է աշխարհագրությունը ընդլայնել:
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել «Արի Տուն» ծրագրի մասին ֆիլմի դիտում: