ՀՀ ոստիկանության աշխատակիցներն արցախցի գործընկերներին ՊՊԾ գնդի հատուկ գումարտակի համազգեստ են նվիրել
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ մայիսի 21-ին աշխատանքային այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ոստիկանապետը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, քննարկվել են Հայաստանի և Արցախի ոստիկանությունների համատեղ աշխատանքի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Վլադիմիր Գասպարյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա են եղել ԼՂՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, ոստիկանության ղեկավար կազմը, ծառայությունների և ստորաբաժանումների պատասխանատուները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են երկու իրավապահ կառույցների աշխատանքի առավել սերտացմանը, ծառայության որակի բարելավմանն ու հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված համատեղ գործողությունների խնդիրներ:
ՀՀ ոստիկանության պատվիրակության անդամներն իրենց արցախցի գործընկերներին են նվիրել ՊՊԾ գնդի հատուկ գումարտակի համազգեստներ և նույն տարբերանշաններով ավտոմեքենա. շուտով «հրեշտակները» կսկսեն պարեկել նաև Ստեփանակերտի փողոցներում:
Մայիսի 22-ին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը վերադարձել է Ստեփանակերտից: