Առանց այլընտրանքային ծրագիր ներկայացնելու ընդդիմության քննադատությունը գրոշի արժեք չունի. Շարմազանով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմության՝ կառավարության ծրագրի հասցեին հնչած քննադատությունը գրոշի արժեք չունի, քանի որ ընդդիմությունը չներկայացրեց այլընտրանքային ծրագիր: Ազգային ժողովի մայիսի 22-ի նիստի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Այս երկու օրերի ընթացքում բազմաթիվ և բազմաժանր ելույթներ լսեցինք. և՛ առողջ քննադատություններ, և՛ քաղաքական շուլուխներ: Լսեցինք նաև քննադատություն, որը կապ չուներ մեր իրականության հետ, եղան ելույթներ, որոնք լցված էին միայն չարությամբ»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Նա նաև ընդգծեց, որ «այսպես է կարգը աշխարհի. ընդդիմությունը քննադատում է, իշխանությունը՝ աշխատում»:
«Ես չլսեցի մի կարևոր բան՝ այլընտրանքային ծրագիր: Քննադատելու հետ մեկտեղ պետք է լինի այլընտրանքային ծրագիր, բայց ընդդիմությունը դա երեւի մոռացել է: Այդ քննադատությունն այլևս գրոշ չարժե»,- շեշտեց Շարմազանովը:
Նրա խոսքով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը տարբերվում է նրանով, որ ունի լսելու կարողություն: «Մենք տեսնում ենք մեր սխալները և պատաստ ենք հետևություներ անել, բայց ընդդիմությունը՝ ոչ: Վստահությունից խոսում են մարդիկ, ում քաղաքական ուժի կողքը նույնիսկ իր ներկայացուցիչները չեն մնացել: Բարոյականության դասեր տալու փոխարեն նայեք ձեր քաղաքական հետագծին»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
ՀՀ կառավարությունը մայիսի 20-ին Ազգային ժողովին է ներկայացրել գործադիրի նոր ծրագիրը, որով նախատեսվում է սոցիալական խնդիրների համապարփակ լուծում: Նոր ծրագրով նախատեսվում է կենսաթոշակների էական ավելացում, յուրաքանչյուր համայնքում առողջապահական ծառայությունների հասանելիության ապոհովում, դրանց` տեսականում ավելացում, ավանդների փոխհատուցման ծրագրերի շարունակականություն:
Ընդդիմության տարբեր ուժերի ԱԺ ներկայացուցիչներ իրենց ելույթներում ծրագիրը բնորոշել են ոչ իրատեսական` երկրի խնդիրների լուծման եւ տնտեսության զարգացման հետագա քայլերում: