Ջոն Հեֆերնը կոչ է անում գազի սակագնի փոփոխության հարցը քննարկել թափանցիկության ապահովմամբ
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը գազի սակագնի փոփոխության հարցը հասարակական հնչեղության խնդիր է համարում եւ կոչ է անում այն քննարկել թափանցիկության ապահովմամբ:Մայիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում Հեֆերնընշեց, որ ԱՄՆ-ը որեւէ ներգրավվածություն չունի գազի սակագնի հետ կապված Հայաստանի եւ Ռուսաստանի բանակցություններում: «Գազի սակագնի սուբսիդավորման որոշումը պետք է կայացնի Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Ազգային ժողովի եւ Հայաստանի ժողովրդի հետ միասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը գազի գինը բարձրացնելով փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, Հեֆերնը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանություններ տալ Ռուսաստանի շարժառիթների վերաբերյալ, քանի որ Ռուսաստանն ու Հայաստանը մտերիմ գործընկերներ են:
Դեսպանն անդրադարձավ նաեւ կարծիքներին, ըստ որոնց` իրանական գազը Հայաստանի վրա ավելի թանկ է նստում, քանի որ ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի վրա ճնշումներ են գործադրվում: «Իրանի վրա իսկապես պատժամիջոցներ կիրառվում են, եւ քանի դեռ Իրանը ցույց չի տվել, որ հարգում է իր պարտավորությունները միջուկային ծրագրերի առումով եւ միջուկային զենքի մշակմամբ չի զբաղվում, դրանք կշարունակվեն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ երկիր հարգում է այդ պատժամիջոցները, եւ իրենք ողջունում են Հայաստանի այդ քայլը:
«ՀայՌուսգազարդ» ընկերությունը դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով գազի սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի: Առաջարկվում է ամսական մինչև 10 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի` գործող սակագինը 132 000 դրամ, դարձնել 221 000 դրամ, ներառյալ ԱԱՀ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնական նամակով դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, որի համաձայն` ՀՀ կառավարությունը երեսուն տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը: