Հասարակական

Կոչ եմ անում վավերացնել Գենետիկ ռեսուրսների հասանելիության մասին Նագոյայի արձանագրությունը. Պան Գի Մուն

3 րոպեի ընթերցում

Կոչ եմ անում վավերացնել Գենետիկ ռեսուրսների հասանելիության մասին Նագոյայի արձանագրությունը. Պան Գի Մուն

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր արտուղար Պան Գի Մունն ուղերձ է հղել Կենսաբանական բազմազանության միջազգային օրվա կապակցությամբ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Քանի որ միջազգային հանրությունը մեծ ջանքեր է ներդնում հասնելու Հազարամյակի զարգացման նպատակներին և սահմանելու «հետ-2015»-յան օրակարգը ներառյալ կայուն զարգացման նպատակների շարքը, ջուրը և կենսաբազմազանությունը քննարկման կարևորագույն ուղղություններից են:

Չնայած թվացյալ առատությանը, մեր մոլորակի ջրի ընդամենը չնչին մասն է հասանելի որպես քաղցրահամ ջուր: Մենք ապրում ենք ջրային առումով ավելի ու ավելի անապահով դարձող աշխարհում, որտեղ ջրի պաhանջը հաճախ գերազանցում է մատակարարմանը և ջրի որակը չի համապատասխանում նվազագույն չափանիշներին: Ժամանակակից միտումների ներքո, ջրի պաշարը ապագայում չի բավարարելու պահանջարկը:

Կենսաբազմազանությունն ու վերջինիս կողմից մատուցված էկոհամակարգի ծառայությունները կարևոր նշանակություն ունեն անվտանգ ջրային աշխարհի տեսլականի իրագործման համար: Էկոհամակարգերը ներգործում են ջրի տեղական, տարածաշրջանային և համաշխարհային հասանելիությանը և որակին: Անտառները օգնում են կարգավորելու հողի էռոզիան և պաշտպանելու ջրի որակը և մատակարարումը: Ճահճուտները կարող են նվազեցնել հեղեղների ռիսկի գործոնը: Հողի բազմազանությունը օգնում է պահպանել ոռոգման ջուրը: Ինտեգրելով բնությունից եկած լուծումները քաղաքաշինության մեջ` դրանք կարող են նաև մեզ օգնել կառուցելու ավելի լավ ջրային ապագա քաղաքների համար, որտեղ ջրային ճգնաժամերը կարող են հատկապես սրվել քաղաքային բնակչության սրընթաց աճին զուգահեռ:

Գիտակցելով կենսաբազմազանության կարևորությունը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան խրախուսել է օգտագործել Կենսական բազմազանության կոնվենցիայի 2011-2020 թթ. Կենսաբազմազանության ռազմավարական ծրագիրը և նրա Այչիի թիրախները «հետ-2015»-յան զարգացման օրակարգի մշակման համար: Անցյալ տարվա Կայուն զարգացմանը նվիրված Ռիո+20 խորհրդաժողովը նույնպես ընդունեց էկոհամակարգերի դերի նշանակությունը ջրի քանակի և որակի պահպանման հարցում: Եթե մի ժամանակ ամբողջ ուշադրությունը սևերված էր ջուր թե կենսաբազմազանություն հարցի սակարկման վրա, ապա այսօր մենք սկսում ենք հասկանալ, թե ինչպես կենսաբազմազանությունն ու ջրային անվտանգությունը ուժեղացնում են միմյանց:

Անցումը հակամարտությունից դեպի համազդեցություն հատկապես խրախուսելի է այս՝ Ջրային համագործակցության համաշխարհային տարում:

Կենսաբանական բազմազանության օրվա կապակցությամբ, կոչ եմ անում Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի բոլոր անդամներին, վավերացնել Գենետիկ ռեսուրսների հասանելիության և դրանց օգտագործումից առաջացող արդյունքների արդարացի ու հավասար բաշխման մասին Նագոյայի արձանագրությունը և այդպիսով օգնել մեզ բոլորիս գործելու ի նպաստ մեր ցանկալի ապագայի:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում