Քաղաքականություն

Տրայան Հրիսթեայի վստահեցմամբ` ադրբեջանական այլատյացությունը չի վրիպում ԵՄ աչքից

2 րոպեի ընթերցում

Տրայան Հրիսթեայի վստահեցմամբ` ադրբեջանական այլատյացությունը չի վրիպում ԵՄ աչքից

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը նկատում է մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած դեպք, սակայն պատժելու հնարավորություններ չունի: Մայիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան` անդրադառնալով Ադրբեջանի հակահայկական եւ ֆաշիստական քաղաքականության նկատմամբ ԵՄ վերաբերմունքին: «Եվրամիությունը երբեք իր աչքերը չի փակում մարդու իրավունքների ոտնահարման վրա ամբողջ աշխարհում: Սակայն միաժամանակ ԵՄ-ն չունի այն «մահակը», որով կկարողանա կիրառել իր մոտեցումները: Մենք փորձում ենք երկխոսության միջոցով լուծել այդ հարցերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հրիսթեան՝ հավելելով, որ Եվրամիությունը եզակի կառույցներից է, որը մարդու իրավունքների հարցերը ներառում է համագործակցության այլ ոլորտներում:

Հրիսթեան հիշեցրեց, որ Ադրբեջանն ընդգրկված է Արեւելյան գործընկերության գործողությունների ծրագրում: ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ որոշ երկրներ գերադասում են ավելի սերտ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, որոշները՝ ոչ: «Այդ իսկ պատճառով էլ Արեւելյան գործընկերությանը նվիրված Վարշավայի հանդիպման ժամանակ որդեգրվեց «ավելին ավելիի դիմաց» մոտեցումն՝ այսինքն` ավելի շատ օժանդակություն եւ համագործակցություն այն երկրներին, որոնք ավելի բարձր կատարողական ունեն եւ առաջ են գնացել Եվրոպային մոտենալու իրենց ձգտումներում»,- ասաց Հրիսթեան:

Ադրբեջանը հակահայկական լայն արշավ է վարում աշխարհում: Հակահայկականության վառ դրսեւորում էր քնած հայ սպային կացնահարած Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի մեծարումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում