Լավրովի համոզմամբ` ԼՂ հակամարտության բանակցություններում առկա լճացումը չի նշանակում, թե ոչինչ չի ստացվի
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է, ընդ որում` բոլորի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, այդ մասին Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Դա անընդունելի է առաջին հերթին Ադրբեջանի, Հայաստանի և նրանց համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, ես դրանում խորապես համոզված եմ: Ռուսաստանի Դաշնության համար ստատուս-քվոն անընդունելի է, քանի որ մեր հարևանների, բարեկամների միջև առկա է երկարատև և դժվար հակամարտություն, իսկ Կովկասում կայունությունը և հանգստությունը հանդիսանում է մեր արտաքին քաղաքական առաջնայնություններից մեկը, ինչն ամրագրված է ՌԴ արտաքին քաղաքական հայեցակարգում, որը հաստատվել է 2013 թվականի փետրվարի 12-ին Վլադիմիր Պուտինի կողմից»,- ավելացրել է Լավրովը:
Նրա խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավատարիմ են իրավիճակի կարգավորման ուղղությամբ ստանձնած իրենց պարտականություններին: «Եթե խոսենք Ռուսաստանի մասին, ապա ամենասկզբից էլ մենք ակտիվ դերակատարություն ենք ունեցել կարգավորման գործընթացին, սկսած այն պահից, երբ մեր ուղիղ միջնորդությամբ 1994 թվականին կնքվեց կրակի դադարեցման համաձայնագիրը: Մինչ այժմ մենք ամեն կերպ փորձել ենք առաջ մղել հակամարտության կարգավորումը տարբեր ձեւաչափերով: Ռուսաստանը դարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և այդ կարգավիճակում կշարունակի ակտիվ աշխատել»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:
Լավրովը հիշեցրել է, որ դեռևս Դմիտրի Մեդվեդևի նախագահության օրոք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն ավելի քան տասն անգամ հանդիպել են, սակայն այդ փուլում չի հաջողվել հասնել պայմանավորվածությունների: «Այդ հանդիպումները շատ օգտակար էին այն դետալների պարզաբանման համար, որոնցում, ինչպես բոլորը գիտեն, «թաքնված է սատանան»: Հիմնական սկզբունքները, որոնք ամրագրված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների 2009-2012 թվականների ընթացքում արված համատեղ հայտարարություններում, ոչ ոքի կողմից չեն վիճարկվում»,- հայտարարել է Լավրովը:
Նրա համոզմամբ` այժմ խնդիրն այն է, որ կոնկրետ քայլերով այդ սկզբունքները մուտք գործեն գործնական հարթություն: «Շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատանքը: Օրեր առաջ Կրակովում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այդ գործընթացներին պետք է ամբողջությամբ սատարել: Ոչ ոք չի պատրաստվում «ձեռքերը լվանալ», մենք ամեն կերպ կփորձենք օգնել, ստեղծել պայմաններ այդ խնդրի լուծման համար: Չնայած հասկանալի է, որ այն լուծել կարող են միայն անձամբ շահագրգիռ կողմերը, իսկ մենք կնպաստենք դրան: Այստեղ չի կարելի արագ գնահատականներ տալ այն առումով, որ եթե առկա է լճացում, ուրեմն ոչինչ չի ստացվի: Վստահ եմ, որ ամեն ինչ կստացվի, եթե փորձ արվի գտնել փոխզիջումներ` հաշվի առնելով կողմերի իրավական շահերը: Սկզբունքորեն, բանակցությունների դժվարությունները պայմանավորված են հենց հակամարտության դժվարությամբ և խորությամբ: Այնպես որ մենք կշարունակենք փոխզիջումներ փնտրել»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:
Ի դեպ, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի` ԼՂ հակամարտության հարցում ստատուս քվոյի անընդունելիության մասին հայտարարությանը` ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն «Արմենպրես»-ին ի պատասխան ընդգծել է. «Եթե Ադրբեջանում իրոք ցանկանային ստատուս քվոյի փոփոխություն, ապա համաձայնության կգային Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ և կնպաստեին բանակցային գործընթացի առաջընթացին, այլ ոչ թե կտապալեին այն, ինչպես դա արվեց Կազանում: Ադրբեջանն ունի միայն մեկ հնարավորություն բավարարելու իր անհագուրդ ձգտումը հասնելու ստատուս քվոյի փոփոխությանը եռանախագահների բանակցային ձևաչափը շրջանցելու միջոցով: Դրա համար Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն»: