Լիտվայի գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Եվրատեսիլ»-ի քվեարկության ընթացքում հնարավոր խախտումները
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի գլխավոր դատախազությունը, ուսումնասիրելով 15min.lt լրատվական գործակալության լիտվացի լրագրողների պատրաստած տեսանյութը, կարող է հետաքննություն սկսել «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում քվեարկության ժամանակ արձանագրված հնարավոր խախտումները պարզելու նպատակով: Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Էլյանա Մարտինոնենեն հայտարարել է, որ երգի մրցույթում ոչ թափանցիկ քվեարկությունը կարող է եվրոպական մասշտաբով լուրջ խնդիր դառնալ, հետևաբար, չի բացառվում, որ համապատասխան մարմինները կարող են դիմել համապատասխան միջոցառումների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, տեսաձայնագրության ուսումնասիրությունից հետո Լիտվայի գլխավոր դատախազությունում դեռևս չեն գտել հիմքեր մինչդատական քննություն սկսելու համար:
«Եվրատեսիլ-2013» երգի մրցույթի եզրափակչից հետո 15min.lt լրատվական կայքը մրցույթում հեռուստադիտողների ձայներ գնելու հետ կապված ցնցող տեսանյութ է հրապարակել:Տեսանյութում ռուսերեն խոսող երկու հոգի սրճարանում մոտենում են մի սեղանի շուրջ նստած զույգին եւ 20 եվրոյի դիմաց առաջարկում «Եվրատեսիլ»-ում քվեարկել Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆարիդ Մամեդովի օգտին: Նրանցից մեկը բացատրում է զույգին, թե դա երբ եւ ինչպես պետք է անել: Նրանք ասում են, որ նման առաջարկություն արվում է Եվրոպայի 15 երկրներում: Նրանցից մեկը պատմում է, որ իրենց խնդիրը 10 հոգուց բաղկացած մեծաթիվ խմբեր հավաքելն է: Տասը մարդկանցից յուրաքանչյուրը պետք է 5 բջջային հեռախոս ունենա: Փող աշխատել համաձայնվողին վճարված հաշվով սիմ-քարտեր են տրվում: 15 րոպե տեւող քվեարկության ընթացքում նրանք պետք է քվեարկեն հնարավորինս շատ անգամ:
«Խմբերը պետք է գտնվեն քաղաքի տարբեր մասերում, որպեսզի օպերատորների մոտ կասկածներ չառաջանան, որ մեկ կատարողի համար մեկ կետից զանգվածային քվեարկություն է կատարվում», -նշել են միջնորդները: Նրանք նաեւ խոստովանել են, որ արդեն նման 8-10 խմբեր են հավաքել: Յուրաքանչյուր խմբում պետք է մեկ վերակացու լինի, որը արդյունքների հիման վրա վճարում է աշխատանքի դիմաց, այսինքն, նա ստուգում է ուղարկված հաղորդագրությունների քանակը եւ վճարում: Ձայներ գնողը ցույց է տալիս 500 եվրո թղթադրամների կապոցը` ապացուցելու համար, որ վճարումը հաստատ կատարվելու է: Իսկ այն հարցին, թե ինչ արժե է հաղթանակը «Եվրատեսիլ» մրցույթում, նա ասել է. «Միլիոններ»:
«Եվրատեսիլ-2013»-ում Լիտվան այս եղանակով Ադրբեջանին 12 միավոր է տվել: