Հասարակական

Կաթողիկոսն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

Կաթողիկոսն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներին` հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ողջունելով հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց կաթողիկոսն իր օրհնությունն է բերել ներկաներին: Գնահատանքով անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ հիմնադրամի ծառայությունը` կոչված Հայրենիքի կյանքի առաջընթացին ու բարօրությանը, մեծ հանձնառություն ու հետևողական աշխատանք է պահանջում:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայ Եկեղեցու առավել չափով ներգրավվածությունը հիմնադրամի աշխատանքներում, ինչը կնպաստի նաև ազգային ինքնագիտակցության կերտմանն ու ազգային ոգու արթնացմանը: Վերջում Նորին Սրբությունն արդյունավոր գործունեություն է մաղթել հիմնադրամին:

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին, որոնք առնչվում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայիս վիճակին ու գործունեությանը տարբեր ոլորտներում, Սիրիայի հայ համայնքին և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ ընտանիքներին Մայր Աթոռի կողմից ցուցաբերված օգնությանը, ինչպես նաև ներեկեղեցական և միջեկեղեցական տարբեր խնդիրներին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում