2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իմերեթի երկրամասային դատախազությունը ձերբակալել Է Վրաստանի նախկին վարչապետ, ներկայում «Միասնական ազգային շարժման գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Ինչպես հարցաքննությունից հետո հայտարարել Է դատախազության ներկայացուցիչը, գործը վերաբերում Է Մերաբիշվիլիի կոռուպցիոն գործունեության երկու Էպիզոդի: Նրան մեղադրանքներ են առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 164 պրիմ, 182 եւ 332 հոդվածներով:
Առաջին Էպիզոդը վերաբերում Է 2012 թվականին, երբ խորհրդարանական ընտրությունների ընթացքում նա, որպես Վրաստանի վարչապետ, այն ժամանակվա աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Չիաբերաշվիլիի հետ միասին անօրինականորեն աշխատանքի Է ձեւակերպել Միասնական ազգային շարժման հազարից ավելի ակտիվիստների, մինչդեռ նրանք զբաղվում Էին միայն կուսակցության օգտին քարոզչությամբ եւ դրա համար պետբյուջեից ստացել են 5,2 մլն լարի:
Երկրորդ Էպիզոդը վերաբերում Է Կվարիաթի գյուղում Մերաբաշվիլիի կողմից պերճաշուք ամառանոցի յուրացմանը, որը պատկանում Էր «Միջազգային ներդրումային ընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Հետաքննությունն ապացուցել Է, որ Մերաբիշվիլին 2009 թվականին ահաբեկման ճանապարհով խլել Է այդ ամառանոցը եւ դրանից օգտվել մինչեւ 2013 թվականը:
Մերաբիշվիլիի հետ միասին ձերբակալված Է նաեւ Չիաբերաշվիլին: Ըստ նախնական մեղադրանքների, նրանց 7-ից մինչեւ 12 տարվա ազատազրկում Է սպառնում:
Դատախազությունը նաեւ հայտարարել Է, որ գրեթե ավարտվել Է 2012 թվականի մայիսի 26-ի հանրահավաքը ցրելու եւ բանկիր Սանդրո Գիրգվիլիանիի սպանության գործի հետաքննությունը, որոնցում նույնպես ապացուցված Է այն ժամանակվա ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիի մեղավորությունը:
Դատախազությունը խնդրում Է դատարանին՝ Մերաբիշվիլիի համար խափանման միջոց սահմանել բանտային կալանքը: