ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 22-ին կայցելեն տարածաշրջան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան կսկսվի մայիսի 22-ին Ադրբեջանից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ИТАР-ТАСС գործակալությունը, այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:«Ստատուս-քվոն անընդունելի է բոլորի` ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ Ղարաբաղի բնակիչների համար»,- նշել է Լավրովը` ընդգծելով, որ հակամարտության կարգավորումը կարևոր է տարածաշրջանում կայունության ապահովման համար, ինչը Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան այցելելու մասին որոշումը կայացվել էր մայիսի 17-ին Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ քննարկել էին ղարաբաղյան հակամարտության լուծմանը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով հասնելու հնարավոր ուղիները: Նրանք հայտնել էին նաև, որ ավելի ուշ կայցելեն տարածաշրջան` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպելու և ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր քննարկելու համար: