Տիգրան Սարգսյանն ընդունել է Էստոնիայի արդարադատության նախարարին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Էստոնիայի արդարադատության նախարար Հանո Պեվկուրիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորելով երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս արդարադատության ոլորտում բարեփոխումների Էստոնիայի փորձին:

Էստոնիայի արդարադատության նախարարը ևս նշել է, որ իր երկիրը շահագրգռված է երկկողմ փոխգործակցությամբ: Հանո Պեվկուրին ընդգծել է, որ իրենք պատրաստ են կիսվել դատական, նոտարական համակարգերում, կոռուպցիայի դեմ պայքարի և ծառայությունների մատուցման բնագավառներում կուտակած փորձով, ինչպես նաև նպաստել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին:

Այնուհետև կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հանո Պեվկուրին վարչապետին է ներկայացրել Էստոնիայում հասարակական և տնտեսական ոլորտներում առկա վիճակն ու իրականացվող քայլերը:

Հայերեն English Русский