Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախախարը Լորդերի պալատում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախախարը Լորդերի պալատում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լորդերի պալատի ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Լորդերի պալատում կառավարության խոսնակ լորդ Ուիլյամ Ուոլեսի հետ, որի ընթացքում քննարկման առարկա են դարձել եվրոպական օրակարգի հարցերը, հայ-բրիտանական հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ:

Հայաստանի արտգործնախարարի լոնդոնյան օրակարգը ներառում էր նաև հանդիպումներ Միացյալ Թագավորության խորհրդարանում: Էդվարդ Նալբանդանը հանդիպել է Լորդերի պալատի խոսնակ Ֆրանսես դ՛Սուզայի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Լորդերի պալատի անդամ, հայ-բրիտանական բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-բրիտանական խորհրդարանական համագործակցությանը, գոհունակությամբ նշվել է, որ վերջին տարիներին այդ ձևաչափով կապերն ակտիվացել են: Լորդերի պալատի խոսնակի խնդրանքով` նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հայկական սփյուռքի դերակատարությունը Հայաստանի զարգացման գործընթացում:

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանն այցելել է նաև Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկ, որտեղ հանդիպում է ունեցել բանկի ղեկավար անձնակազմի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումներին, ներդրումային դաշտին, գործարար միջավայրին, մտքեր փոխանակվեցին տնտեսական զարգացման վրա տարածաշրջանային խնդիրների ազդեցության շուրջ։

Եվրախորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին և ծրագրերի քննարկմանն էր նվիրված Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության ղեկավար Ռոբերթ Ուոլթերսի հետ։

Բրիտանական խորհրդարանում նախարար Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաեւ տարբեր կուսակցություններ ներկայացնող, Հայաստանի հետ բարեկամական խմբին անդամակցող խորհրդարանի մի շարք անդամների հետ։

Շուրջ երեք ժամ տևած հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակում հայ-բրիտանական համագործակցության, Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը բրիտանացի խորհրդարանականներին մանրամասն ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում