Հայաստանից առաջին եռամսյակում թարմ կամ չորացրած խաղող է արտահանվել Ռուսաստան եւ Վրաստան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստան թարմ կամ չորացրած խաղողի արտահանման ծավալները 2013-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մոտ 22 տոկոսով աճել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2013-ի առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 859 հազար 900 կիլոգրամ թարմ կամ չորացրած խաղող՝ 1 միլիոն 200 հազար դոլարից ավելի ընդհանուր մաքսային արժեքով:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2012-ի առաջին եռամսյակում ՀՀ-ից Ռուսաստան է արտահանվել 702 հազար 400 կիլոգրամ խաղող: ՀՀ-ից այս տարվա առաջին եռամսյակում ընդհանուր առմամբ արտահանվել է 1 միլիոն 256 հազար 300 կիլոգրամ խաղող: 2013-ի առաջին եռամսյակում հայկական խաղողի մյուս հիմնական գնորդը եղել է Վրաստանը՝ 396 հազար 500 կիլոգրամ:
ՀՀ-ից արտահանման ընդհանուր ծավալները 2012-ին կազմել են 1 միլիարդ 428 միլիոն դոլար: Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները 2012-ին կազմել են 280 միլիոն դոլար: Նախորդ տարի ՀՀ-ից Ռուսաստան է արտահանվել 9 միլիոն 584 հազար 100 կիլոգրամ խաղող: