2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը հայաստանյան առեւտրային բանկերի հետկարկտահարությունից տուժած գյուղացիներին օժանդակություն ցույց տալու նպատակովքննարկումներ է անցկացրել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ընդգծելով, որ կարկտից տուժած արմավիրցիները նամակ էին ուղղել ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին՝ խնդրելով աջակցել իրենց վերցված վարկերի վճարման ժամկետերը երկարաձգելու հարցում:
«Առեւտրային բանկերը, հաշվի առնելով գյուղացիների ֆինանսական վիճակի վատթարացումը, ընդառաջ են գնալու գյուղացիների խնդրանքին, ընդ որում` գյուղացիներից յուրաքանչյուրի նկատմամբ անհատական վերաբերմունք է ցուցաբերվելու»,- «Արմենպրես»-ի թղթակցին փոխանցեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժնից: Թե օգնության ինչպիսի մեխանիզմներ կկիրառվեն, Կենտրոնական բանկից դժվարացան պատասխանել՝ նշելով, որ կոնկրետ մեխանիզմները կորոշեն բանկերը՝ սեփական հայեցողությամբ` անհատական վերաբերմունք ցուցաբերելով յուրաքանչյուր գյուղացու հանդեպ:
ՀՀ Կենտրոնական բանկը հիշեցնում է, որ նախկինում եւս եղել են նմանատիպ դեպքեր, երբ առեւտրային բանկերը հնարավորինս փորձել են մտնել գյուղացիների դրության մեջ եւ նրանց օգտին որոշումներ կայացրել, «ուստի այս անգամ էլ ամեն ինչ կարվի գյուղացիների համար նպաստավոր պայմաններ ապահովելու ուղղությամբ»:
Ըստ ԿԲ-ի մասին ՀՀ օրենքի՝ Կենտրոնական բանկն իրավասություն չունի խառնվել վարկային կազմակերպությունների ներքին գործերին, եթե դրանք չեն հակասում օրենքի պահանջներին եւ չեն վտանգում ֆինանսական կայունությանը: