Ադրբեջանցիները պարտավոր են կանգնեցնել Աքրամ Այլիսլիի արձանը. Los Angeles Times
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Los Angeles Times-ն անդրադարձել է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպի հետ կապված Ադրբեջանում նրա նկատմամբ իշխանական վերնախավի մակարդակով իրագործված հալածանքներին: Վեպը պատմում է Բաքվում եւ Ագուլիսում հայկական ջարդերի մասին: Թերթը նշել է, որ երկու ժողովուրդներին հաշտեցման կոչ անելու համար Ադրբեջանում խայտառակել են գրողին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սերգեյ Լոյկոյի հոդվածում նշվում է, որ ամբոխն այրել է նրա գրքերը Ադրբեջանի երկրորդ քաղաք Գյանջայում: Նրա կինն ու որդին զրկվել են աշխատանքից: «Հայրենի գյուղի բնակիչները պահանջել են ստուգել նրա արյունը, որպեսզի որոշեն, թե իրականում նա ինչ ազգության է: Երկրի նախագահը նրան զրկել է «Ժողովրդական գրող» պատվավոր կոչումից: Իսկ կատաղած ամբոխը նրա տան առաջ սպառնացել է սպանել նրան եւ պահանջել, որպեսզի նա հեռանա երկրից: «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության առաջնորդը 10 հազար եվրո է խոստացել նրա ականջը կտրողին:
75-ամյա Աքրամ Այլիսլիի խոսքով` «Քարե երազներ» վեպի հրապարակումից հետո իր նկատմաբ վերաբերմունքն Ադրբեջանում չի ենթարկվում անգամ իր սեփական գրական երեւակայությանը: Գրքում նկարագրվում է Ադրբեջանում էթնիկ բռնության բռնկումները` Խորհրդային միության արեւամուտին: Ինձ հետ հեռախոսային զրույցում Այլիսլին ինքը հայտարարել է, որ իր գիրքը ոչ մի կապ չունի քաղաքականության հետ, եւ որ այնտեղ ուղղակի կոչ է արվում ադրբեջանցիներին ապաշխարել նախկին մեղքերի համար եւ փորձել նոր էջ բացել իրենց պատմության մեջ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրում ասվում է. «Մեր ժողովրդի ոգուն թշնամական ոճով գրված այդ ստեղծագործության մեջ հեղինակը փորձել է ձեւավորել ադրբեջանական ժողովրդի հակահումանիստ կերպարը, անհիմն կերպով մեղադրել համամարդկային արժեքների դեմ ուղղված գործողություններում, խեղաթյուրել ղարաբաղյան հակամարտության էությունը, սեւացրել Ադրբեջանի ոչ հեռավոր անցյալի պատմությունը, վիրավորել միլիոնավոր ադրբեջանցիների արժանապատվությունը».- գրում է Լոյկոյը:
Ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» ամսագրի խմբագիր Լեոնիդ Բախնովը, որտեղ առաջին անգամ հրապարակվել է վեպը, կասկած է հայտնել այն մասին, որ Ալիեւն ու մյուս բողոքավոր ադրբեջանիներն ընդհանրապես կարդացել են այդ վեպը: «Այդ գրքում ամենահումանիստական կերպով փորձ է արվում հետազոտել այնպիսի այլանդակ երեւույթի բնությունը, ինչպիսին միջէթնիկական ատելությունն է, եւ այն ոչ մի կերպ չունի այն որակները, որոնք նրան վերագրվում են Ալիեւի հրամանագրում», -հայտարարել է Լեոնիդ Բախնովը:
Los Angeles Times-ի հոդվածագիրն ավելացնում է, որ Ադրբեջանի խաղաղության եւ դեմոկրատիայի ինստիտուտի վերլուծական կենտրոնի տնօրեն Լեյլա Յունուսը հայտարարել է, որ Այլիսլիի դեմ ատելությունն ու զայրույթը սադրում են իշխանությունները, որպեսզի դրանով շեղեն ժողովրդի ուշադրությունը երկրի խնդիրներից:
Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում Human Rights Watch կազմակերպության տնօրեն Հյու Վիլյամսոնը հայտարարել է, որ Այլիսլիին պաշտպանելու փոխարեն, ադրբեջանական կառավարությունը գլխավորում է նրան վարկաբեկելու արշավը` չար զրպարտանքով եւ թշնամական հռետորաբանությամբ վտանգի ենթարկելով նրան:
««Քարե երազներ»-ում Այլիսլին իր հայրենակիցներին կոչ է անում կարեկցություն ցուցաբերել հայերին` հաշվի առնելով այն տառապանքները, որ կրել են նրանք դարերի ընթացքում: «Եթե բռնությամբ սպանված ամեն հայի համար մեկ մոմ վառվեր, ապա այդ մոմերի փայլը լուսնից ավելի պայծառ կլիներ: Այդ ժողովուրդը հոգնել եւ տառապել է բռնությունից, բայց երբեք չի դադարել կառուցել իր եկեղեցիները, գրել իր գրքերը եւ, ձեռքերը հառնելով դեպի երկինք` կանչել իր Աստծուն», -ասում է վեպի հերոսներից մեկը: «Ակնհայտ է, որ նրա կոչը լսվել է, բայց մեկնաբանվել բացարձակապես սխալ»,- ասում է Բախնովը: Այդուհանդերձ, ադրբեջանցիները պարտավոր են ապագայում արձան կանգնեցնել Այլիսլիի համար»,- ավելացնում է Լոյկոն:
Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը հրատարակվել է նաեւ հայերենով: