Նոր ատոմակայանի կառուցումը Հայաստանի կառավարության ծրագրերի թվում է
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը չի հրաժարվել նոր ատոմակայանի կառուցման գաղափարից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` տեղեկացնելով, որ այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանք է կատարվել ռուս գործընկերների հետ: «Կարելի է ասել, որ ծրագիրը սկսել ենք: Ընտրել ենք աշխարհի լավագույն ընկերություններից մեկին, որը վերլուծությամբ ներկայացրել է, թե աշխատանքներն ինչ հերթականությամբ պետք է իրականացվի»,- ասաց վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքով` ատոմակայանի կառուցման նախագիծը կառավարության ծրագրում չի ներառվել, որովհետև այս պահին քննարկումներ են գնում, թե ինչ ժամանակահատվածում է նպատակահարմար այն շահագործման հանձնելը:«Մենք պետք է ընտրենք այն ճիշտ ժամանակահատվածը, որն առավելագույն արդյունավետություն կապահովի արտադրված էլեկտրաէներգիայի իրացումից»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Միաժամանակ, վարչապետը նշեց, որ հատկացվելու է 150 մլն դոլար` գործող ատոմակայանի գործունեության ժամկետը երկարաձգելու համար: Կախված նրանից, թե քանի տարով հնարավոր կլինի գործող ատոմակայանի գործունեության ժամկետը երկարաձգել` կորոշվի նոր ատոմակայանի կառուցման հստակ ժամանակացույցը:
Ավելի վաղ նախատեսվում էր գործող ատոմակայանի աշխատանքները դադարեցնել 2016-2017 թվականներին: