2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյան ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ-ի «Հյուսիս-հարավ ծրագրի» Տրանսպորտային ծրագրերի ղեկավար Պրիանկա Սենեվիրանտեի գլխավորությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում ԱԶԲ-ի ներկայացուցիչները Գագիկ Բեգլարյանին են ներկայացրել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ներկայիս ընթացքի վերաբերյալ իրենց ուսումնասիրության արդյունքները, իրավիճակի գնահատականը, առաջացած տեխնիկական խնդիրներն ու դրանց լուծման ուղղված տարբերակները, ինչպես նաև հստակեցրել են ապագա աշխատանքների մասին պատկերացումները:
Նախարարը մեկ անգամ ևս ընդգծել է «Հյուսիս-հարավ»-ի` սահմանված ժամկետում աշխատանքների կատարման բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը, արդյունավետ գնահատել ԱԶԲ-ի կատարած ուսումնասիրության արդյունքներն ու իրավիճակի գնահատականի մասին եզրակացությունը, ինչն էլ կարող է ապահովել ծրագրի առաջընթացը:
Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին համագործակցության համար, հույս հայտնել, որ ծրագրի շրջանակներում հետագա աշխատանքները կունենան բարեհաջող ընթացք: