Կառավարությունն ամեն ինչ անում է գազի սակագնի հետ կապված հարցը կարգավորելու համար. Հովիկ Աբրահամյան
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը հնարավորինս ամեն ինչ անում է, որպեսզի գազը հանրապետություն ներմուծվի ցածր գնով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովի մայիսի 20-ի նիստին այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, թե ինչ է անելու ԱԺ նախագահը գազի սակագնի թանկացումը թույլ չտալու համար:
«Գազը ապրանք է և ներմուծվում է արտերկրից: Յուրաքանչյուր ապրանք ունի իր գինը և այնպես չէ, որ Հայաստանի իշխանությունները կարող են միանձնյա որոշում կայացնել: Կառավարությունը քննարկումներ է անում Ռուսաստանի հետ և փորձում է ամեն ինչ անել, որպեսզի գազը ներմուծվի առավել ցածր գնով»,- ասաց Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ մայիսի 23-ին Ազգային ժողովում քննարկվելու է գազի սակագնի թանկացման հարցը:
Փոստանջյանի այն հարցին, թեարդյոք ԱԺ նախագահըչի կարծում, որ գազի սակագնի թանկացումը իշխանությունների ապաշնորհ քաղաքականության հետևանքով է, Աբրահամյանը շեշտեց, որ «ոչ, չեմ կարծում»:
«ՀայՌուսգազարդ» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով գազի գնի վերանայման համար` առաջարկելով գազի սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի:ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնական նամակով դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, որի համաձայն` ՀՀ կառավարությունը երեսուն տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը: