Սեյրան Օհանյանն այցելել է Նոյեմբերյանի զորամաս.Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է նախարարի ուղղաթիռի վրա կրակոցների լուրերը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 19-ին այցելել էՏավուշի մարզի Նոյեմբերյանի զորամաս, որտեղ օրեր առաջ զինծառայող էր սպանվել:Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը,Սեյրան Օհանյանի այցը Նոյեմբերյանի զորամաս պայմանավորված է մայիսի 15-ին սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի գործն անձնական հսկողության տակ առնելու հանգամանքով: Նախարարը մասնակցել է զինվորի հուղարկավարությանը, նրա ծնողներին հավաստիացրել, որ գործն ամբողջովին կբացահայտվի եւ մեղավորները կկրեն արժանի պատիժ:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե սահմանամերձ շրջանների վրայով մայիսի 19-ին թռչելու պահին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղղաթիռի վրա ադրբեջանցիները կրակել են, Հովհաննիսյանը նշեց, որ կրակոցների հետքեր ուղղաթիռի վրա չկան:«Նախարարն այդ կողմով թռել է` շատ մոտիկ սահմանին, բայց ապացույցներ չունենք, որ կրակել են, հետքեր չկան»,- ասաց Հովհաննիսյանը:
Ոսկեպարի բնակիչները տեղեկություններ են տարածել, որ նախարարի ուղղաթիռի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել: