Միջազգային

Associated Press-ը չի բացառում, որ դատի կտա ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը

4 րոպեի ընթերցում

Associated Press-ը չի բացառում, որ դատի կտա ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի խոշորագույն լրատվական գործակալությունը՝ Associated Press-ը, չի բացառում, որ դատի կտա երկրի արդարադատության նախարարությանը: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հավաստել է AP-ի նախագահ Գերի Պրյուիտը: Նման հնարավոր քայլի պատճառը ԱՄՆ-ի արդարադատության նախարարության կողմից գործակալության թղթակիցների հեռախոսազրույցների գաղտնալսումն է, որը աղմկալի սկանդալ է առաջացրել այստեղ:

Մայիսի 19-ին ելույթ ունենալով CBS հեռուստաընկերության եթերում, Պրյուիտը արդարադատության նախարարության աշխատակիցների գործողությունները որակել է ԱՄՆ-ի Սահմանադրության դրույթների եւ դրա առաջին ուղղման խախտում, որն ուղղակիորեն պաշտպանում է մամուլի ազատությունը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունները բացասաբար կազդեն տեղեկատվության իր այն աղբյուրների հետ AP-ի աշխատելու կարողության վրա, որոնք ցանկանում են պահպանել անանունությունը: «Իրապես մենք արդեն տեսնում ենք հետեւանքները: Պաշտոնատար անձինք, որոնք սովորաբար համաձայնում են շփվել մեզ հեj, այժմ ասում են, որ այնքան էլ տրամադրված չեն դրան: Նրանք զգուշանում են կառավարության կողմից լրտեսումից»,- նշել է AP-ի ղեկավարը;

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը Associated Press-ի աշխատակիցների հեռախոսազրույցները գաղտնալսելու որոշում է ընդունել Եմենում Կենտրոնական Հետախուզական վարչության հատուկ գործողության վերաբերյալ տեղեկատվության արտահոսքի հետաքննության կապակցությամբ:

Հետաքննությունն սկսվել էր 2010 թվականի մայիսին Associated Press-ի կողմից ԿՀՎ-ի այն գործողության վերաբերյալ մանրամասն տեղեկատվության հրապարակման կապակցությամբ, որը նպատակ ուներ կանխել ահաբեկչությունը Եմենից ԱՄՆ ուղեւորվող ինքնաթիռում: Հետաքննությունների համերկրային բյուրոյի քննության շրջանակներում հարցաքննվել են ԱՄՆ-ի արդարադատության նախարարության, անվտանգության ծառայությունների եւ Ազգային անվտանգության խորհրդի, ինչպես նաեւ իր իսկ ՀՀԲ-ի աշխատակիցներ:

Associated Press-ի աշխատակիցների հեռախոսային զրույցների գաղտնալսումը հասարակական լայն արձագանք է առաջացրել: Մասնավորապես, մայիսի 14-ին բաց նամակով արդարադատության նախարարությանն են դիմել 50-ից ավելի ամերիկյան ԶԼՄ-ներ, ներառյալ CNN-ը, The New York Times-ը, The Washington Post-ը եւ Reuters-ը: ԶԼՄ-ների ներկայացուցիչները քննադատել են Associated Press-ի լրագրողների հեռախոսազրույցների գաղտնալսումը եւ պահանջել մամուլի ազատության պաշտպանությանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ: Հաջորդ օրը Սպիտակ տանը հայտարարել են այն օրինագծին աջակցելու մասին, որը լրագրողներին պաշտպանում է տեղեկատվության աղբյուրը թաքցնելու անհրաժեշտության դեպքում:

Մայիսի 15-ին գաղտնալսմանն առնչվող սկանդալի կապակցությամբ հայտարարությամբ հանդես են եկել նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները, որոնք նախագահի վարչակազմին մեղադրել են խոսքի ազատությունը խախտելու, ինչպես նաեւ արդարադատության նախարարության գործողությունների հետ կապված հարցերից խուսափելու մեջ:

Մինչ այդ Associated Press գործակալությունն ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը մեղադրել Էր իր լրագրողների հեռախոսազրույցների գաղտնալսման մեջ: AP-ի տարածած հայտարարության մեջ ընդգծված Է, որ խոսքը վերաբերում Է լրատվական գործակալության աշխատանքին «ընդգրկուն եւ աննախադեպ միջամտությանը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում