«Հետազոտվի՛ր և ապրի՛ր» խորագրով միջոցառում` ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացածների
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը» Հյուսիսային պողոտային կից հրապարակում իրականացրել է ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի հանրային միջոցառում «Հետազոտվի՛ր և ապրի՛ր» խորագրի ներքո: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբից, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Միացյալ ծրագրի, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի օժանդակությամբ, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, և այլ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ միջոցառման շրջանակներում անց է կացվել մոմավառություն:
Միջոցառման մասնակիցները մոմեր և տեղեկատվական թերթիկներ են դրել տարածքին հարող «Վեռանդա» և «Առագաստ» սրճարաններում: Ավանդույթի համաձայն՝ մասնակիցները 40 քառակուսի փոքր կտորներ են կարել ծածկոցին, քանի որ ըստ ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնի տվյալների՝ 2012թ. ընթացքում Հայաստանում ՁԻԱՀ-ից մահացել է 40 մարդ: Միջոցառումն ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ուղերձներով, տեղեկատվական նյութերի տարածմամբ: «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ի հովանավորությամբ յուրաքանչյուր 3 րոպեն մեկ տեղեկատվական տեսաերիզ է հեռարձակվել Օպերային հարող տարածքի տեսավահանակով: Իսկ «Սթար» սուպերմարկետներում օրվա ընթացքում վաճառողները կրել են կարմիր ժապավեն և ՄԻԱՎ-ի վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ տարածել:
Հակառետրովիրուսային բուժման հասանելիության շարունակականության ջատագովության նպատակով անցորդները, անձամբ միանալով ակցիային, խոստացել են նամակ ուղարկել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աջակցող «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի գրասենյակ՝ կառավարության ուշադրությունը ՄԻԱՎ վարակի բուժման հասանելությանը սևեռելու համար:
Այսօր Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող 493 մարդ, ովքեր բուժման ցուցումներ ունեն, ստանում են հակառետրովիրուսային բուժում և հնարավորություն ունեն ապրել երկարատև ու լիարժեք կյանքով, կազմել ընտանիք, ունենալ առողջ երեխաներ: