ՏՄՊՊՀ-ն ավիատոմսերի թանկացման վերաբերյալ ուսումնասիրությունը մինչև հունիսի 5-ը կներկայացնի ՀՀ կառավարություն
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ավիատոմսերի թանկացման հարցի հետ կապված ժամանակ է տրամադրել ավիաընկերություններին տեղեկություններ տրամադրել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի գնային ցուցանիշների վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:«Պետք է հասկանալ` արդյոք մարտ-ապրիլ ամիսներից սկսած տոմսերի գների բարձրացում է տեղի ունեցել: Քանի որ ընկերությունները ոչ ռեզիդենտ են, օրենքով սահմանված 7-10 օրվա փոխարեն նրանց մի փոքր ավելի ժամանակ է տրամադրվել` ցուցանիշների ներկայացման համար»,- ասաց Գայանե Սահակյանը:
Նա նաև շեշտեց, որ տեղեկությունները ստանալուց հետո ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրությունների ողջ փաթեթը մինչև մայիսի վերջ կամ մինչև հունիսի 5-ը կներկայացնի կառավարությանը:«Դա լայնածավալ ուսումնասիրություն է, որը չի ընդգրկում միայն տոմսերի գինը, այլ սկսած ավիավառելիքի գներից մինչև Հայաստանի համար ավիափոխադրումների առավել նախընտրելի մոդել է ներառում»,- ասաց Սահակյանը: Հրավիրել են նաև ԱՄՆ մրցակցային մարմնի իրավաբանական վարչության պետին, ով լավ մասնագիտացած է և ում միջազգային փորձի համադրմամբ կկարողանան ներկայացնել այդ մոդելը:
Հանձնաժողովի` մայիսի 14-ի նիստում որոշ ընկերություններ պնդեցին, որ իրենց ավիատոմսերի արժեքները չեն բարձրացել, մնացել են նույնը, դրանցից մասնավորապես` «Կասպիական ավիաուղիները»:
«Որոշ ընկերություններ գնային թանկացումները պայմանավորեցին պահանջարկի ավելացմամբ, որոշ ընկերություններ էլ գտնում էին, որ վերջին երկու-երեք տարիներին «Արմավիա»-ն մեծ դերակատարություն չի ունեցել և այնպիսի մրցակից չի եղել, որի պատճառով գնային փոփոխություններ տեղի ունենային: Մասնավորապես ուկրաինական միջազգային ավիակազմակերպության ղեկավարն ասաց, որ վերջին երկու-երեք տարիներին «Արմավիա»-ն 30 տոկոսով կրճատել է իր ուղևորահոսքերը»,- պատմեց Գայանե Սահակյանը:
Նա նաև նշեց, որ եթե ի մի բերվեն բոլոր ասվածները, ապա գնային փոփոխությունների պատճառը սեզոնայինը կլինի:
«Արմավիա» ավիաընկերության չվերթների կասեցումից հետո թանկացել են ավիատոմսերի գները։ Դա հաստատել են նաեւ զբոսաշրջային գործակալությունները:«Արմենպրես»-ի հետ զրույցում SidonTravel, Nata Tour, Abuacebuc տուրիստական գործակալություններիներկայացուցիչները նշել էին, որ ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 20 հազար դրամով։Գործակալությունները հակված են ենթադրելու, որ ավիատոմսերի թանկացումը պայմանավորված է «Արմավիա» ավիաընկերության՝ չվերթները դադարեցնելու եւ սնանկացման գործընթացով։ Նրանք չեն բացառել, որ եթե ավիաընկերություններն ավելացնեն չվերթները, հնարավոր է` գները վերադառնան նախկին մակարդակին:
«Արմավիա» ավիաընկերությունը 2013 թվականի ապրիլի 1-ից կասեցրել է չվերթները եւ սկսել սնանկության գործընթաց: