ՕԵԿ-ը վարչապետի հետ քննարկել է Կառավարության ծրագիրը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության ընդլայնված քաղաքական խորհուրդը Հայաստանի Հանրապետության վարչապետի և Գործադիր իշխանության մի շարք անդամների հետ մայիսի 18-ին քննարկել է Կառավարության ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝
վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ծրագրի գերակայությունները, նշել, որ դրա հիմքում ընկած են Հայաստանի Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերի հիմնադրույթները:
Քննարկման ընթացքում լայն անդրադարձ է կատարվել սոցիալական, տնտեսական, առողջապահական, կրթության և գիտության, պաշտպանության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներին, մատնանշվել են այդ ոլորտներում առկա հիմնախնդիրները և լուծման մեխանիզմները:
ՕԵԿ անդամները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու մտահոգությունները:
Վարչապետը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին:
Ելույթով հանդես է եկել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը և ամփոփ ներկայացրել կուսակցության մոտեցումներն առկա խնդիրների լուծման վերաբերյալ, ինչպես նաև կառավարության ուշադրությունը հրավիրել ոչ միայն ծրագրում ներառված, այլև հանրապետությունում առկա այն խնդիրներին, որոնց լուծումը կարևոր նշանակություն կունենա հասարակության համար:
Արդյունավետ քննարկումների, ինչպես նաև կառավարության կողմից ընդունված առաջարկությունների արդյունքներով պայմանավորված` «Օրինաց երկիր» կուսակցության ընդլայնված քաղաքական խորհուրդը հավանության է արժանացրել վերոնշյալ ծրագիրը:
«Օրինաց երկիր» խմբակցությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետում կուսակցության բոլոր առաջարկությունները կներկայացնի Ազգային Ժողովի առաջիկա նիստում` ծրագրի ամփոփիչ քննարկման և հաստատման ժամանակ: